ԱՄՆ-ը, Իրանը և մի շարք տարածաշրջանային միջնորդներ քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ բանակցությունները ընթանում են Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև հաղորդագրությունների միջոցով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև։
Աղբյուրների գնահատմամբ՝ առաջիկա 48 ժամում մասնակի համաձայնության հասնելու հավանականությունը ցածր է։ ԱՄՆ պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին օրերին մի քանի առաջարկ է փոխանցել Թեհրանին, սակայն դրանք դեռ չեն ընդունվել։
Աղբյուրները նշել են, որ միջնորդները կողմերի հետ քննարկում են երկաստիճան համաձայնագիր։ Առաջին փուլում հնարավոր է սահմանել 45-օրյա հրադադար, որը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար ավելի շատ ժամանակ պահանջվի։
Երկրորդ փուլում, ըստ Axios-ի աղբյուրների, կարող է ձեռք բերվել համաձայնություն հակամարտության վերջնական դադարեցման վերաբերյալ։
Աղբյուրների խոսքով՝ միջնորդները կարծում են, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը և բարձր հարստացված ուրանի խնդրի լուծումը հնարավոր է միայն վերջնական համաձայնության շրջանակում։
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցն այլևս չի վերադառնա նախկին վիճակին, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԻՀՊԿ-ն հասել է համապարփակ ծրագրի օպերատիվ պատրաստության վերջին փուլերին, որի մասին ավելի վաղ հայտարարել էին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները։
Զուգահեռ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ուժեղացնել հարվածները Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ուղղությամբ։
Նախարարը այդ հայտարարությունն արել է իսրայելական զինված ուժերի կողմից Իրանի հարավարևմտյան Մահշահր քաղաքում գտնվող խոշոր նավթաքիմիական համալիրին հարվածելուց հետո։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
