Ամերիկյան Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավոր պայմանները, որը կարող է հիմք դառնալ պատերազմի վերջնական դադարեցման համար։
Թեև կողմերի միջև անվստահությունը մեծ է, իսկ մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները՝ սուղ, սա համարվում է վերջին փորձը՝ կանխելու հակամարտության կտրուկ սրումը և հարվածները քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքներին։
Նախագահ Թրամփը Իրանին տրված վերջնաժամկետը երկարաձգել է մինչև երեքշաբթի՝ նշելով, որ կողմերը գտնվում են խորը բանակցությունների մեջ, սակայն համաձայնության չգալու դեպքում սպառնացել է լայնամասշտաբ ռազմական գործողություններով։
Բանակցություններն ընթանում են Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ուղիղ հաղորդակցությամբ։ Առանցքային խնդիրները մնում են Հորմուզի նեղուցի վերաբացումը և Իրանի հարստացված ուրանի պաշարների ճակատագիրը, որոնց շուրջ կողմերը փնտրում են երաշխիքներ և վստահության ամրապնդման քայլեր։
