ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կարող է կնքվել երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, հայտնել է Reuters-ը։
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։
Նույն օրն ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր Իրանին ուղղված կոշտ ուղերձ՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը, որն արգելափակվել էր Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր։ Այն դեպքում, եթե նեղուցի ապաշրջափակումը տեղի չունենա, ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ից սկսած ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգաօբյեկտներին և կամուրջներին հասցվող հնարավոր հարվածների մասին։
Նախօրեին ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տվել Վաշինգտոնի հետ գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով «դժոխք թափել» Իսլամական Հանրապետության վրա։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ժամանակավորապես սահմանափակել է հարվածները իրանական էներգաօբյեկտներին՝ նախ հինգ, ապա տասը օրով։ Այդ ժամկետը լրանում է ապրիլի 6-ին։ Նա դադարը բացատրել էր իրանական կողմի հետ կառուցողական բանակցություններով, սակայն Թեհրանը հերքում է ուղիղ շփումները։
Մարտի վերջին ԱՄՆ նախագահը խոսել էր բանակցություններում առաջընթացի մասին և պնդել, որ Իրանը համաձայնել է ամերիկյան ծրագրի կետերի մեծ մասին։ Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի առաջարկը ներառում է 12 պահանջ, որոնց թվում են՝ հրաժարում ուրանի հարստացումից, պրոքսի-խմբավորումների աջակցության դադարեցում և Հորմուզի նեղուցի բացում, իսկ փոխարենը քննարկվում են պատժամիջոցների չեղարկումը և օժանդակությունը քաղաքացիական միջուկային ծրագրին։
Ապրիլի սկզբին Fars գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը մերժել է 48-ժամյա հրադադարի առաջարկը, իսկ Պակիստանում կայացած շփումները արդյունք չեն տվել։ The Wall Street Journal-ը գրել էր, որ տարածաշրջանային միջնորդների ջանքերը հայտնվել են փակուղում. Իրանը չի պլանավորում հանդիպումներ ամերիկյան ներկայացուցիչների հետ Իսլամաբադում և ԱՄՆ պահանջները համարում է անընդունելի։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
