Տեխնոլոգիական գերակայության սահմանափակումները. NYT-ն վերլուծել է Իրանի դեմ ԱՄՆ-ի «անհպում» պատերազմի ձախողումը

Արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված «անհպում» պատերազմի միջոցով Իրանի նկատմամբ արագ հաղթանակ տանելու Վաշինգտոնի սպասումները չեն արդարացել, գրում է The New York Times-ը։

Սպիտակ տան իրավիճակային կենտրոնի նախկին ղեկավար Մարկ Գուստաֆսոնը և Eurasia Group-ի խորհրդական Ջասթին Քոսլինը նշում են, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը փաստում է՝ բարձր տեխնոլոգիաները դեռևս չեն երաշխավորում արագ ռազմական հաջողություն։

Պենտագոնը տևական ժամանակ խաղադրույք էր կատարում ԱԲ հնարավորությունների վրա՝ հետախուզական տվյալների իրական ժամանակում մշակման և թիրախային հարվածների ճշգրտությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն օգտագործում է Claude (Anthropic AI) համակարգը ռազմական գործողությունների պլանավորման, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանավորման օպերացիայի ժամանակ։

Այնուամենայնիվ, Իրանի աշխարհագրական բարդ ռելիեֆը և լոգիստիկ ճկունությունը լուրջ խոչընդոտ են դարձել ամերիկյան ռազմավարության համար։ Ըստ հոդվածագիրների՝ Իրանի լեռնային տարածքներում թաքցված ռազմական ենթակառուցվածքները հնարավոր չէ չեզոքացնել առանց ցամաքային գործողության, ինչը ենթադրում է անխուսափելի մարդկային կորուստներ։

Առանձնահատուկ շեշտվում է իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), մասնավորապես՝ Shahed տեսակի դրոնների արդյունավետությունը։ Դրանց բարձր շարժունակությունը՝ սովորական բեռնատարներից արձակվելու հնարավորությունը, գրեթե անհնար է դարձնում հետախուզական ամբողջական վերահսկողությունը։ Պարբերական հարվածները ոչ միայն վնասում են ռազմավարական օբյեկտները, այլև հանգեցնում են ԱՄՆ-ի և դաշնակիցների ՀՕՊ համակարգերի հրթիռների պաշարների սպառմանը։

Փորձագետները եզրակացնում են, որ նույնիսկ տոտալ դիտարկման և գերճշգրիտ զինատեսակների պարագայում, տեխնոլոգիական առավելությունը չի կարող փոխարինել լայնածավալ ռազմական ներկայությանը, իսկ Իրանի դիմակայության մակարդակը ստիպում է վերանայել «թվային հաղթանակի» հեռանկարները։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

 

 

Leave a Comment