Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1680-Ա որոշմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի Աթենքի հասցեների հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները կքանդվեն։ Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը։
Ըստ հիշյալ որոշման՝ Կենտրոն վարչական շրջանի Աթենքի հ.10/1 և հ.10/2 հասցեների հարևանությամբ, Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրվել են թվով 2 մետաղական կրպակներ և կանգառասրահ:
Շինությունները տեղադրվել են առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության, իսկ հողամասն օգտագործվում է ապօրինի, քանի որ դրա նկատմամբ չկա օրենսդրությամբ ձևակերպված որևէ իրավունք:
Նշված իրավական ակտով որոշվել է չօրինականացնել նշված ինքնակամ կառույցները, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քանդել (ապամոնտաժել) կրպակներն ու կանգառասրահը և ազատել համայնքային հողամասը
ՆԳՆ ոստիկանությանը առաջարկվել է ապահովել հասարակական կարգի պահպանումը աշխատանքների ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում։
Ապամոնտաժման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձվելու են ինքնակամ կառույցն իրականացրած անձից:
Որոշման կատարման հսկողությունը վերապահված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանին։ Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: