Զատիկը հայի համար զուտ օրացուցային տոն չէ. Թաթոյան

Զատիկը հայի համար զուտ օրացուցային տոն չէ։ Դա վերածննդի, վերադարձի և արարման կրկնվող փորձառության հիշողություն է


ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Զատիկը հայի համար զուտ օրացուցային տոն չէ։ Այն վերածննդի, վերադարձի և արարման կրկնվող փորձառության հիշողություն է։


Այս մասին նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։


«Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց հարցը առաջնայնությունը չէ։ Հարցն այն է, որ մենք քրիստոնեությանը երբեք չենք վերաբերվել` որպես ինչ-որ ձևականությունների ժողովածուի։ Այն փորձառություն է, փորձառություն յուրաքանչյուր սերնդի համար։ Մեզ ոչնչացրել են, մենք հարություն ենք առել։ Մեզ վտարել են, մենք վերադարձել ենք։ Մեզ լեռներ են քշել, մենք այնտեղ եկեղեցիներ ենք կառուցել»,-գրել է նա Facebook-ի իր էջում։


Թաթոյանի կարծիքով, հայկական պետությունը պետք է լինի կյանքի պետություն, նորմալ երկիր։ Այնպիսի երկիր, որը հիշում է իր ննջեցյալներին, հպարտանում է իր ապրողներով և երազում է իր երեխաների ձեռքբերումների մասին։


Ըստ նրա, հայերը, առանց որևէ փիլիսոփայության գիտեն, թե ինչ է բարին և ինչ է չարը։ «Բարին այն է, երբ երեխաները մեր կողքին են։ Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին։ Քանի դեռ երեխաները մեզ հետ են, բարին հաղթում է»,-գրել է նա։


«Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի» Մատթեոս 22:32,-ից մեջբերել է նա։


Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։

Leave a Comment