…Այլապես ցանկացած պահի միջուկային զենքը կարող է հայտնվել, օրինակ, զանազան ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում. Վահե Դավթյան

«Դասեր» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանըխոսեց ստեղծված իրավիճակում Եվրոպայում գազի պակասորդի ու Թուրքիայի և Ռուսաստանի՝ այդ պակասը լրացնելու հարցում դերակատարության, ինչպես նաև՝ միջուկային սպառնալիքների մասին:

«Հորմուզի նեղուցը փակվել է, և Եվրոպայում կա նավթի ու գազի պակասորդ: Այս իրավիճակին առավել քան հմտորեն փորձում է ադապտացվել Թուրքիան, որը փորձում է դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա բնական գազի արտահանումը՝ «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» միջոցով: Ռուսաստանը փորձելու է այդ պակասորդը լրացնել ոչ ուղիղ մատակարարումների տեսքով, բայց դա չի նշանակում, որ չկան շրջանցող ուղիներ, և այդ ուղիներից մեկը Թուրքիան է, և դա է պատճառը, որ Թուրքիան բավականին կրավորական կեցվածք է հիմա ցուցաբերում»,- ասաց էներգետիկ անվտանգության մասնագետը:

Ինչ վերաբերում է միջուկային զենքին, նրա խոսքով՝ դրա տարածումը պետք է վերահսկվի, և այս առումով ՄԱԳԱՏԷ-ին պետք է տրվեն իրական գործիքներ՝ պետությունների ներքին որոշումների վրա ազդելու համար, այլապես ցանկացած պահի միջուկային զենքը կարող է հայտնվել, օրինակ, զանազան ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում: 

«Մենք պետք է ուշիուշով հետևենք Թուրքիայում միջուկային զենքի զարգացման ճանապարհին: Սա բերվում է նաև ադրբեջանական օրակարգ: Ալիևն արդեն իսկ մի քանի անգամ հայտարարել է խաղաղ ատոմի զարգացման մասին, բայց հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան կապերը, որը միջուկային տերություն է, իհարկե, Ադրբեջանն ինչ-որ պահի խաղաղ ատոմը կվերափոխի ռազմական ատոմի: Այս առումով առավել ևս մենք չպետք է թույլ տանք, որ փակվի Մեծամորի մեր ատոմակայանը»,- ասաց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment