Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնված մտահոգությունների նկատմամբ, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի կողմից բարձրացված հարցերի նկատմամբ։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան հարաբերությունները գործնականում»,- նշել է Լավրովը։
Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավասու է համարում պարզաբանել Հայաստանի ղեկավարության ծրագրերը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր գործընկերների հետ քննարկել և պարզաբանել նրանց ծրագրերը»,- ասել է նա։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են խորը պատմական հարաբերություններով, ինչի պատճառով Երևանի քաղաքական ուղղվածությունները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար։
Ապրիլի 1-ին Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր՝ Մոսկվան կցանկանար, որ դեպի Ռուսաստան կողմնորոշված քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ընտրություններին։ Նա նաև նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ «չնայած այն հանգամանքին, որ ունեն ռուսական անձնագիր»՝ ընդգծելով, որ ՌԴ-ն չի միջամտում ներքին գործերին, բայց ակնկալում է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն առաջարկել է ՌԴ-ին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը՝ նշելով, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։ Ավելի ուշ Օվերչուկն զգուշացրել էր, որ երկաթուղիների կոնցեսիայի վաճառքը կարող է զրկել Հայաստանին ռուսական բեռներից։
