ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են Իրանի տարածքում ավելի վաղ խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նշվում է, որ ինքնաթիռի սպառազինության օպերատորն ապրիլի 3-ին կատապուլտվելուց հետո վիրավորվել էր, սակայն կարողացել էր շարժվել և ավելի քան մեկ օր թաքնվել էր լեռներում՝ խուսափելով հետապնդումից։ Աղբյուրների տվյալներով՝ նրա փրկարարական գործողությունն իրականացվել է հատուկջոկատայինների կողմից՝ մեծաթիվ ավիացիայի աջակցությամբ, և ներգրավված բոլոր ուժերն արդեն լքել են Իրանը։ Փրկարարական գործողությունը տևել է ավելի քան մեկ օր։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեր է ուղարկել՝ փորձելով խոչընդոտել գործողությանը, իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել իրանական զինված ուժերին՝ նրանց առաջխաղացումը կանխելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է անձնակազմի անդամի փրկությունը՝ այն անվանելով «ԱՄՆ պատմության ամենահամարձակ որոնողա-փրկարարական գործողություններից մեկը»։ Նրա խոսքով՝ փրկված սպան՝ գնդապետը, «վիրավորվել է, սակայն նրա վիճակը կայուն է»։
Իր հերթին CBS News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ գործողությանը մասնակցել են տասնյակ հատուկջոկատայիններ, ինչպես նաև մի քանի տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ըստ աղբյուրների՝ գործողության ընթացքում ամերիկացի զինվորականները ոչնչացրել են շարքից դուրս եկած երկու տրանսպորտային ինքնաթիռ՝ կանխելու համար դրանց ընկնելը հակառակորդի ձեռքը, իսկ հատուկջոկատայինները հեռացվել են երեք լրացուցիչ ինքնաթիռներով։
Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ փրկարարական գործողությունը «ավարտվել է լիակատար ձախողմամբ»՝ Իրանի զինված ուժերի ժամանակին միջամտության շնորհիվ։ Նրա տվյալներով՝ գործողության ընթացքում «ուժեղ կրակի հետևանքով» խոցվել են երկու C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։
Իրանի ԶՈւ-ն ապրիլի 3-ին խոցել էր ԱՄՆ երկու ռազմական ինքնաթիռ, որոնցից մեկը ընկել էր երկրի հարավարևմտյան հատվածում, իսկ մյուսը՝ Օրմուզի նեղուցի շրջանում։ ԱՄՆ-ն հայտարարել էր անձնակազմի փրկության հատուկ գործողության մեկնարկի մասին։
