Տարվա ամենապայծառ գիսաստղը՝ C/2026 A1-ը, դադարել է գոյություն ունենալուց․ այն կլանվել է Արեգակի կողմից, որին մոտեցել էր, հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայում։
«C/2026 A1 գիսաստղը չի վերադարձել տիեզերական դիտարկման սարքերի տեսադաշտ, որտեղից նախօրեին այն անհետացել էր՝ Արեգակին մոտ լինելու պատճառով։ Սա նշանակում է, որ երկնային մարմինն այլևս գոյություն չունի՝ այն կլանվել է Արեգակի կողմից՝ դառնալով դրա մի մասը», — ասվում է լաբորատորիայի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
C/2026 A1-ը դարձել էր 2026 թվականի առաջին գիսաստղը, և դեռ բացահայտման պահին պարզ էր, որ այն շուտով կվերանա։ Ենթադրվում է, որ այն պատկանում է Կրեյցի գիսաստղերի ընտանիքին՝ լինելով երբեմնի հսկայական գիսաստղի բեկոր, որը քայքայվել է հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ։
«Այդ հիպոթետիկ մարմնի որոշ խոշոր բեկորներ ժամանակ առ ժամանակ մոտենում են Արեգակին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ դրանցից մեկը առաջացրել է 1106 թվականի Մեծ գիսաստղը, իսկ վերջինս, իր հերթին քայքայվելով, առաջացրել է 1843 թվականի Մեծ գիսաստղը և, հնարավոր է, նաև 1882 թվականի Մեծ գիսաստղը», — հայտնել են լաբորատորիայում։
Սկզբում սպասվում էր, որ Արեգակին մոտենալիս գիսաստղը կտրուկ կավելացնի իր պայծառությունը՝ մինչև այն աստիճան, որ տեսանելի կլինի Լուսնի նման՝ նույնիսկ ցերեկային երկնքում։ Սակայն պարզվեց, որ այն ավելի փոքր է, քան ենթադրվում էր, և Արեգակին մոտենալիս անմիջապես չի քայքայվել, ինչի պատճառով էլ չի ձևավորվել հսկայական պոչ։
C/2026 A1-ի ոչնչացումից հետո երկնքում ամենապայծառ գիսաստղը դարձավ նախկինում երկրորդ տեղում գտնվող C/2025 R3 (PANSTARRS) գիսաստղը։
