Ռուսական կապիտալի դուրսբերումը մեր երկաթուղային համակարգից բխում է Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերից. Վահե Դավթյան

«Դասեր» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը խոսել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան Ղազախստանին հանձնելու մասին:

Վերջինս, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, խոսել է նաև մեր երկաթուղու կոնցեսիան Ղազախստանին հանձնելու մասին:

Ըստ նրա՝ չստուգված տվյալներ կան, որ TRIPP-ի համար տրամադրվում է 500 մետր լայնության տարածք, որը հաստատվելու դեպքում լուրջ հարցեր է առաջ բերում: Ինչի՞ համար է այդ հսկայական տարածքը, ի՞նչ են պատրաստվում տեղակայել այդտեղ:

«Եվ սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք պաշտոնական մակարդակում զարգացող հայկական երկաթուղային մոդելի փոփոխության մասին խոսակցություններ: «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան ղազախական կողմին հանձնելու մասին է խոսում Փաշինյանը: Եթե ղազախական կապիտալը բերվում է մեր երկաթուղային ցանց, դա նշանակում է Միջին միջանցքի՝ Թուրանի միջանցքի ակտուալացում Հայաստանի տարածքում: Ռուսական կապիտալի դուրսբերումը մեր երկաթուղային համակարգից բխում է Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերից»,- ասաց Վահե Դավթյանը:

Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հարցին՝ արդյոք Պուտինի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնվե՞լ է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան շտապ երրորդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ քննարկումներ կան, Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ հարցին գործընկերային լուծում կտրվի.

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է…

Այնպես չէ, որ ՌԴ գործընկերների հետ նստում-քննարկում ենք… որովհետև ՌԴ գործընկերները դեռ չեն ասել՝ լա՛վ, համաձայն ենք, եկեք այդպես անենք: Նկատի ունեմ՝ քննարկումն այլ ռեժիմ է, բայց նման գաղափարներ կան թևածող»,- ասել էր նա:

Դեռ փետրվարի կեսերին Փաշինյանը հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ՝ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը։ Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ո՞նց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»։ Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է, ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ»,- նշել էր նա։

Տևական ժամանակ խոսվում էր, նաև ինքն էր նշել, որ կոնցեսիան կարող է փոխանցվել Քաթարին, Բահրեյնին կամ, նույնիսկ, Արաբական Միացյալ Էմիրություններին։ Հիշեցնենք նաև, որ Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է: Հետևաբար՝ գործարքի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանն ավելի մեծ լծակներ են ստանալու երկաթուղու վրա ազդեցություն ունենալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment