Պապին Բեյբությանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ․ փաստաբան Կոչուբաև

Պապին Ռուբենի Բեյբությանի գործով հերթական դատական նիստը անցկացվեց ապրիլի 3-ին Երևանում։ Նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց եզրափակիչ ելույթները՝ անդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածությանը և ներկայացված ապացույցներին։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մինչ եզրափակիչ ելույթին անցնելը, անհրաժեշտ համարեց արձանագրել, որ Պապին Բեյբությանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ, քանի որ առկա են լուրջ խնդիրներ մեղադրանքի հիմնավորվածության և կիրառված իրավական նորմի հետ։ Մասնավորապես, այն քրեաիրավական նորմը, որը վերագրվել է Պապին Բեյբությանին, տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ։

Եթե համառոտ ներկայացնենք մեղադրանքի էությունը, ապա այն հանգում է նրան, որ Պապին Բեյբությանը, իբր, մասնակցել է Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և իր գործողություններով աջակցել է այդ խմբավորման նպատակների իրագործմանը։

Ավելի կոնկրետ՝ Պապին Բեյբությանը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեջ, որի շրջանակում, ըստ մեղադրանքի, Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանը հանդիսացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ քրեական հեղինակություն։

Նշված խմբավորումը գործել է իր կողմից սահմանված վարքագծի կանոններով, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված իրավաչափ նորմերին։ Խմբավորման նպատակներն են եղել հանցագործությունների կատարումը և դրանց հովանավորումը, այլ անձանց ներգրավումը հանցավոր գործունեության մեջ՝ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ այլ ապօրինի մեթոդների միջոցով, ինչպես նաև հանրային և մասնավոր հարցերի լուծումը ոչ իրավաչափ եղանակներով և անօրինական օգուտի ստացումը։

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, պահպանելով իր քրեական հեղինակության կարգավիճակը, ղեկավարել է խմբավորումը և իր ազդեցությունն օգտագործելով՝ հանձնարարություններ է տվել խմբավորման անդամներին՝ տարբեր հարցերի, այդ թվում՝ մասնավոր վեճերի լուծման նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment