Մանրամասներ Սպիտակի շնամարտից, կան տասնյակ բերման ենթարկվածներ․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» ՀԿ–ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը նախօրեին առավոտյան տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես 4 կանանցով գնացել են Սպիտակ, որպեսզի կանխեն շնամարտ։
«4 կանանցով դուրս էինք եկել այ էս մասսայի դեմ՝ շներին պաշտպանելու համար։ Շնամարտերը կանգնեցված են, գնում ենք ոստիկանություն», – գրել էր Հովսեփյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Հովսեփյանի տեսանյութը լայն արձագանք էր ստացել սոցցանցի օգտատերերի շրջանում։ Բազմաթիվ օգտատերեր տարածում էին տեսանյութն ու կոչ անում իրավապահներին համապատասխան գնահատական տալ միջադեպին։
Նախօրեին երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր Facebook–յան էջում հրապարակել էր Հովսեփյանի տեսանյութն ու գրել․ «Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանը արձագանքել»։
Ավելի ուշ Օվսաննա Հովսեփյանը տեսանյութի միջոցով հայտնեց միջադեպի մանրամասները՝ հայտարարելով, որ միջադեպի առթիվ կան ձերբակալվածներ։
Նա հայտնել է, որ նախապես էին ահազանգ ստացել, որ շնամարտ է լինելու։
«Առավոտյան 8–ին շարժվել ենք, գիշերը 11։30 նոր վերադարձել ենք։ Ժամը 10–ին եղել ենք տեղում։ Լրիվ անմարդաբնակ չոլեր էին, լոկացիայով ենք գտել, որտեղով անգամ մեքենա չէր անցնում։ Մենք չորս աղջիկներով մի խումբ տղամարդկանց դեմ էինք։ Ըստ սցենարի՝ պետք ա վախենայինք։ Բայց կենդանիների պաշտպանության գործում ինչ ասես, որ չենք տեսել, ոչ մի բանից ռեալ չենք վախենում», – պատմել է Հովսեփյանը։
Նա նշել է, որ շնամարտի կազմակերպիչները ձերբակալված են»
«30 հոգու բերման են ենթարկել։ Ոստիկանությունը ճանապարհը փակել է, որպեսզի մեքենաները չկարողանան անցնել։ Մենք և խուլիգանության հոդվածով, և կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի հոդվածով հաղորդում ենք ներկայացրել, ցուցմունք ենք տվել Քննչականում։ Գործն արդեն ընթացքի մեջ է», – հայտնել է Հովսեփյանը։