Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2026 թվականի մարտ ամսվա տարեկան գնաճի հաշվետվությունը, որի համաձայն՝ անցյալ ամսվա ընթացքում տարեկան գնաճը կազմել է 4.3%: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Համեմատության համար նշենք, որ փետրվարին գնաճը կազմում էր 4.6%, հետևաբար՝ ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով։ Տարեկան գնաճի տեմպի նվազման վրա ազդել է սննդամթերքի սեկտորը, որտեղ գները տարեկան կտրվածքով աճել են 7.5%-ով (նախորդ ամիսներին աճը կազմում էր 9-10%), ինչն էլ հանգեցրել է ընդհանուր ցուցանիշի անկմանը:
Այնուամենայնիվ, վառելիքի թանկացման էֆեկտը, որը հատկապես նկատելի էր մարտի վերջին օրերին, դեռևս ամբողջությամբ չի արտացոլվել վիճակագրության մեջ։ Իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացել է էլեկտրաէներգիայի սպառողական սակագինը:
2026 թվականի մարտին գնաճն ըստ խմբերի բաշխվել է հետևյալ կերպ.
Սննդամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ. գներն աճել են 7.5%-ով հետևյալ ենթախմբերում.
- Ձկնեղեն (21.2%),
- Միրգ և խաղող (13.4%),
- Հաց և հացաբուլկեղեն (9.6%),
- Միս և մսամթերք (9.6%),
- Յուղ և ճարպ (7.7%),
- Շաքարավազ, ջեմ և քաղցրավենիք (5.3%),
- Բանջարեղեն (4.9%),
- Կաթ, պանիր և ձու (4.5%),
- Սուրճ, թեյ և կակաո (3.8%),
- Հանքային ջրեր, հյութեր (2.1%):
Տրանսպորտ և վառելիք. գներն աճել են 4%-ով: Աճ է գրանցվել տրանսպորտային ծառայությունների (7.3%) և անձնական տրանսպորտային միջոցների շահագործման/վառելիքի (5.7%) մասով:
Տարբեր ապրանքներ և ծառայություններ. գներն աճել են 9.8%-ով: Հիմնականում թանկացել են անձնական օգտագործման իրերը (58.1%), ապահովագրությունը (8.5%) և անձնական հիգիենայի պարագաները (4.3%):
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ. գներն աճել են 6.2%-ով: Այս ժամանակահատվածում թանկացել են ծխախոտային արտադրանքը (8%) և ալկոհոլային խմիչքները (4.6%):