Տարածաշրջանը խաղաղության և կայունության կարիք ունի․ Էրդողանը՝ Զելենսկիին

Տարածաշրջանը խաղաղության և կայունության կարիք ունի․ Էրդողանը՝ Զելենսկիին

Թուրքիան շարունակելու է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին, Ստամբուլում ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Թուրքիայի աջակցությունն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին կշարունակվի. տարածաշրջանը կարիք ունի խաղաղության և կայունության»,- նշել է նա։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավարկության անվտանգությանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Նա նաև հայտնել է Թուրքիայի վճռականությունը՝ մեծացնել փոխադարձ առևտուրն Ուկրաինայի հետ և շարունակել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս ուղղությամբ։

Զելենսկիի խոսքով՝ Էրդողանն առաջարկել է բանակցություններ անցկացնել Ստամբուլում։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու ուղիները և նշել է, որ Կիևը պատրաստ է առաջնորդների մակարդակով բանակցություններ վարել ցանկացած ձևաչափով։

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ համաձայնեցվել են անվտանգության ոլորտում համագործակցության նոր քայլերը։ 

«Ստամբուլում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Համաձայնեցրել ենք անվտանգության ոլորտում համագործակցության նոր քայլերը։ Սա, առաջին հերթին, վերաբերում է այն ոլորտներին, որտեղ կարող ենք աջակցել Թուրքիային՝ փորձագիտություն, տեխնոլոգիաներ և փորձ։

Մենք քննարկել ենք գազային ենթակառուցվածքների զարգացման համատեղ նախագծերի իրականացման քայլերը, ինչպես նաև գազային հանքավայրերի համատեղ զարգացման հնարավորությունը»,- ասել է Զելենսկին։

 

Leave a Comment