Երևանյան եկեղեցում վարչապետի մասնակցությամբ միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման` որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում, հայտարարել են մի շարք հասարակական կազմակերպություններ:
Նրանք խստորեն դատապարտել և մտահոգությունն են հայտնել երիտասարդի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հանցակազմերով։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով։
ՀԿ-ները նկատել են, որ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։ Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, Մինասյանը կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն։ Ներկայումս գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը, ինչպես նաև կրթության իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտությունը՝ ՀԿ-ները պահանջում ենք գլխավոր դատախազից անհապաղ վերացնել Մինասյանի խափանման միջոց կալանավորումը։
Նրանք Քննչական կոմիտեից և Դատախազությունից պահանջում են իրականացնել եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ քննություն՝ երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, ինչպես նաև իրականացնել միջադեպի բազմակողմանի քննություն՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ երիտասարդի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին:
