Նեյրոնային ցանցի միջոցով անցկացված գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել նշաններ՝ վրացական գիրը հայկական այբուբենից ծագելու մասին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Նեյրոցանցի օգնությամբ իրականացված գիտական հետազոտությունը վրացական գրի` հայկական այբուբենից առաջացման հատկանիշներ է բացահայտել։
Ինչպես հայտնում է Naked Science հրատարակությունը, գիտնականների միջազգային խումբը նեյրոցանցի միջոցով ուսումնասիրել է կովկասյան տարածաշրջանի երկրների և Եթովպիայի հնագույն գրային համակարգերի միջև կապը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Digital Scholarship in the Humanities ամսագրում։
Մոդելը վերապատրաստվել է դասական գեեզի (եթովպական գիր) խորհրդանիշների ավելի քան 28 հազար պատկերների հիման վրա, որից հետո դրանք համեմատվել են հայկական, վրացական և ալբանական այբուբենների հետ։ Նմանությունը գնահատելու համար օգտագործվել են մաթեմատիկական չափանիշներ, այդ թվում՝ կոսինուսային հեռավորությունը և փոխադարձ տեղեկատվությունը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ նախագեեզից հետո խորհրդանիշների ձևով եթովպական գրին ամենամոտը հայկական այբուբենն է։ Վրացական գիրը՝ հնագույն ասոմթավրուլի ձևով, և ալբանական այբուբենը նույնպես նմանություն է դրսևորել, սակայն ավելի փոքր չափով։
Աշխատության հեղինակները նշում են, որ խոսքը առանձին նշանների գրաֆիկական նմանության մասին է, այլ ոչ թե ողջ գրային համակարգի ուղղակի փոխառության։ Եթովպական գիրը վանկային էր, մինչդեռ հայկականը ստեղծվել էր որպես այբուբեն։
Հետազոտողների գնահատմամբ՝ ստացված տվյալները կարող են անուղղակիորեն մատնանշել այն, որ հայկական գիրը միջանկյալ դեր է խաղացել վրացական և ալբանական այբուբենների ձևավորման գործում։ Հեղինակներն ընդգծում են, որ եզրակացությունները խոսում են հավանական պատմական կապի, այլ ոչ թե մեկ գիրը մյուսից ծագելու վերջնական ապացույցի մասին։
