Մենք 2018 թվականին ստանձնած մեր առաքելությունը դեռ չենք ավարտել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է մի նոր պատմաքաղաքական հեղափոխության շեմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնեց ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում։

«Իսկ ո՞րն է այդ  հեղափոխության իմաստն ու նշանակությունը․ դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, Հայաստանի պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, խաղաղությունն ու արժանապատվությունն ապահովելու գործիք է՝ հիմնված ժողովրդի կամքից բխող լեգիտիմության վրա»,- ասաց Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ՝ պատմաքաղաքական հեղափոխությունը նահատակ ժողովրդի դերակատարման վերափոխումն է կյանքի ու պետականակենտրոն ժողովրդի դերակատարման։

«Մենք ոչ թե այս ճանապարհով գնալու ենք, այլ արդեն այդ ճանապարհի եզրագծին ենք, և ժողովրդի աջակցությամբ պետք է արձանագրենք Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի պատմական ճակատագրի վերափոխումը։ Որևէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու։ Պետք է նշել, որ այդ գործընթացն արժանանում է և արժանանալու է մեծ դիմադրության, որի հեղինակները հայտնի են՝ դրանք պատերազմի կուսակցություններն են»,- ասաց ՀՀ վարչապետը։

 

Leave a Comment