Ղարաբաղյան շարժումը լծակ էր` Հայաստանի կայացումը թույլ չտալու համար․ Փաշինյան

tert.am Ղարաբաղյան շարժումը լծակ էր Հայաստանի կայացումը թույլ չտալու համար։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։


 


Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ իրենք քաղաքական կամք են դրսևորել չշարունակելու Ղարաբաղի շարժումը, քանի որ պատմական փորձը, սկսած Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովներից, ցույց է տվել, որ նման գործընթացները, որոնք թվացյալ հայանպաստ էին, իրականում ունեցել են աղետալի ավարտ։


 


«Մենք կամք ենք ունեցել ասելու, մեր վրա վերցնռլու պատասխանատվությունը չշարունակելու Ղարաբաղի շարժումը, որովհետև մենք, ի վերջո, այս ծանր ճանապարհը անցնելով, արձանագրել ենք, որ Ղարաբաղի շարժումը, նաև մեր պատմության շատ հայտնի էջեր՝ սկսած Սան Ստեֆանոյի կոնֆերանսից, շարունակած Բեռլինի կոֆերանսով և այլն, թվում է թե հայ ժողովրդի ի նպաստ կայացվող որոշումներ է, բայց իրականում ինչպես մեր պատմագիտությունն է արձանագրել, դրանք ընդամենը աշխարհաքաղաքական թակարդներ էին, որոնք բոլոս գիտենք՝ ինչ ամփոփում և ինչ ավարտ են ունեցել»,- ասել է Փաշինյանը։


 


Փաշինյանը շեշտել է, որ պետք է ուժ գտնել պաշտպանելու այդ որոշումը և չչքմեղանալ այն քննադատությունների առաջ, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ։ 


 


«Ես էլի ուզում եմ ասել, որ շատ կարևոր է քաղաքական և սոցիալ-հոգեբանական առումով չչքմեղանալ և ուժ ունենալ պաշտպանելու մեր այս որոշումը, որովհետև բոլոր այն պնդումներին, որոնք ասում էին Ղարաբաղը մերն էր, բայց ալյևս մերը չէ, այդ պնդումներին մենք պետք է հստակ հակադարձենք, որ իրականությունը այլ էր․ ՀՀ-ն մերը չէր և այլևս մերն է, որովհետև Ղարաբաղի շարժումը ընդամենը լծակ էր ՀՀ-ի կայացումը թույլ չտալու համար»,- նշել է Փաշինյանը։


 


 


Leave a Comment