4 ապրիլի 2026 – 10:29 AMT
PanARMENIAN.Net – COP17-ի կազմակերպման կազմկոմիտեն անցկացրել է հերթական նիստը՝ կենտրոնանալով ընթացիկ աշխատանքների, միջազգային կապերի և առաջիկա միջոցառումների ծրագրավորման վրա։ Քննարկվել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգրկելով շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերը, հայտնաբերված ու գույքագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նաև COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարություն իրականացված վերջին այցի արդյունքները։ Քննարկվել են գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և մշակված ժամանակացույցը։
Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է COP17-ի նախնական օրակարգը, որի շրջանակում նախարարը ներկայացրել է հիմնական և հարակից (parallel) միջոցառումները, դրանց թեմատիկ ուղղվածությունը և կազմակերպման ժամանակացույցը։
Անդրադարձ է կատարվել նաև առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման հարցերին, ինչպես նաև տարբեր երկրների պատասխանատու կառույցների հետ համակարգման ընթացքին։
Նիստի արդյունքներով հստակեցվել են առաջնահերթությունները, պատասխանատուների շրջանակը և հետագա քայլերը։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: