Հունիսին ավարտվելու է «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի իշխանության երկրորդ շրջանը, որը սպառնում է վերածվել նաև երրորդի։ Իշխանության ժամկետի ավարտի գնահատականի հարցում ավանդաբար կիրառվող «քարերը հավաքելու ժամանակը» փոխաբերությունը մեր պարագայում ողբերգականորեն վերափոխվել է «Տապանաքարերը հաշվելու ժամանակի»։
Անցած ութ ու հատկապես վերջին 6 տարիներին Փաշինյանի իշխանությունն ամեն ինչից առավել մեծացրել է ոչ միայն հայկական հողում հանգչող երիտասարդների քանակը, այլ նաև գերեզմանները, որ Ադրբեջանին հանձնված հայկական հողում վերածվել են ճանապարհների ու խրախճավայերի։
Ասֆալտը պաշտամունք դարձրած ՔՊ-ի գործողությունների հիմքում ընկած է ճանապարհի գաղափարը։ Ոչ թե ասֆալտապատ կամ գրունտային մայրուղու, այլ հենց ճանապարհի խորհուրդը։
Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիների արդյունքային ամփոփ գնահատականը հանգում է հենց ճանապարհներին։ Փակված հայկական և բացված ադրբեջանաթուրքական ճանապարհներին։ Նա փակել է կամ թույլ է տվել, որ փակվի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ու այն ֆիզիկապես ադրբեջանական սահմանապահներին հանձնելուց հետո հիմա զբաղված է այդ՝ հաղթանակած ժամանակներում «Կյանքի ճանապարհ» կոչված ճանապարհի գաղափարն իսկ այասերելով։
Փակված հայկական ճանապարհի կողքին Փաշինյանն ադրբեջանաթուրքական ճանապարհ է բացում այնպիսի ստրկությամբ ու նվիրումով, ինչպես իր թիկնապահներն են մարդկանց տրորելով ուղիներ հարթում եկեղեցիներում իր պղծող մուտքերի ու խայտառակվող ելքերի համար։
«Կյանքի ճանապարհը» գաղթի ու մահվան անվերադարձ ճանապարհի վերածածը այլասերել է նաև սահմանի գաղափարը։ Սեփական գռեհիկության մեջ սահմաններ չճանաչողը, արյամբ ու մաքառումներով հաստատված սահմանները ու դրանց կարևորության գաղափարները կլանում է ինչպես փիփերթի ճաշը՝ Հայաստանի քարտեզը վերածելով դոշին, հենց դոշին, ոչ թե կրծքին փակցվող զանգուլակի։ Հասարակության՝ խորոված երազող հատվածը՝ ինքնահամոզելով, որ երբենի խոզ խանձողն իր նման «պերաշկի» է ուտում, ստամոքսային էգալիտարիզմի պատրանքից կուրացած ողբում է ոչ թե սեփական գերեզմանները, այլ հրճվում է դեպի դրանք տանող ճանապարհների հարթությամբ ու փայլով։
Հավաքական հանրային ուղեղի ու ճանապարհների հարթության այս ներդաշնակության պատճառն իմաստների աղավաղումն ու այլասերումն է, որն ամենաշատն է հաջողվել Փաշինյանին վերջին ութ տարիներին։
Նա կարողացել է այլանդակել բոլոր հիմնարար իմաստները՝՝ հայրենիքից ու հայրենասիրությունից, մինչև հիշողություն ու արժանապատվություն։ Իսկ առանց իմաստների ապրող հանրույթի համար կարևոր է ոչ թե ճանապարհների խորհուրդը, այդ թվում ՝անցյալը, ներկան ու ապագան կապող անշոշափելի ճանապարհները, այլ այն, որ դրանք տանեն միայն մարմնական խրախճանքի վայրեր։
Փաշինյանի վերջին «անսպասելի հայտնությունները» հանրության մեջ, այդ թվում՝ հարսանիքներում ու այլ հավաքույթներին՝ հենց այդ նպատակն ունի։
Նա ավարտին է հասցնում Չարենցի «Գիրք ճանապարհին»-ը ունեցող ազգին Թաթայի «Ճանապարհ» ստամոքսապարով հպարտացող ազգի վերափոխելու իր ծրագիրը։ Այդ ընթացքում ավտոբուսային էքստազներ ցուցադրելով «Ուր էլ գնաս, հետդ կգամ» հակաէսթետիկ և կրկին ճանապարհի գաղափարը ապականող հնչյունների ներքո։
Գառնիկ Գևորգյան