Արթիկում նորածին է մահացել | Radar Armenia

Արթիկում նորածին է մահացել

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Կայքի թղթակցի հետ զրույցում Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի գնացել։

«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։

Հոր խոսքով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ծնողներն արդեն դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Նրանք պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment