Ժողովուրդը հոգնել է Նիկոլ Փաշինյանից. նրան ամեն տեղից «քշում են»՝ համոզված է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսեց ընթացիկ քաղաքական զարգացումների և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է ավելի ակտիվ գործեն ու իրական պայքար սկսեն Փաշինյանի իշխանության դեմ դեռ մինչև հունիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները։
«Ժողովուրդը պատրաստ է և այդ ուղերձները ժողովուրդն անընդհատ է տալիս։ Նույն արցախցի երիտասարդ կնոջ դեպքը՝ տեսանք, թե ինչ հանրային արձագանք ստացավ, որովհետև կար պայքարող աղջիկ, որն իր դիրքորոշումն էր պնդում և ճնշում էր գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա, և ժողովուրդը ոտքի կանգնեց, այնքան մեծ ալիք բարձրացավ, որ Նիկոլը ստիպված էր երեկոյան ներողություն խնդրել։

Նույնը վերաբերում է երկու այս երիտասարդ տղաների միջադեպին։ Եթե ուսանողական շարժում ձևավորվեր, փողոցում պայքար սկսելու փորձ լիներ, ես ավելի քան համոզված եմ՝ եթե ինչ-որ մի քաղաքական ուժ նման բան նախաձեռներ, նվազագույնը 5000 հոգի հավաքվելու էր հրապարակում, բայց ոչ ոք չնախաձեռնեց։ Այս տրամաբանությամբ ո՞նց ենք ակնկալում, որ ընտրություններում պետք է պարտվեր Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ասում, որ չկա այդ հնարավորությունը։
Եթե իմ ասած այդ պայքարը լինի, մտնենք այդ փուլ՝ կա այդ հնարավորությունը։ Ժողովուրդը հոգնել է Փաշինյանից, ժողովուրդն արդեն մերժում է նրան, չի սիրում, հնարավոր է՝ նաև ատում է. ժողովրդի լայն զանգվածներ ատում են նրան՝ ամեն տեղից քշում են»,- կարծում է Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում նման ղեկավարի առկայությունն աշխարհաքաղաքական ներկայիս «տուրբուլենտության»՝ անկայունության ժամանակաշրջանում ձեռնտու է աշխարհաքաղաքական ուժի բոլոր կենտրոններին։
Մելիք-Շահնազարյանին չի զարմացնում այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սկսել են նախընտրական շրջանում շահարկել պատերազմի սպառնալիքներն ու պատերազմում դավաճանված ու ջախջախված ժողովրդին վախեցնել նոր «աղետաբեր պատերազմով»՝ նշելով, որ 2020թ. 44-օրյա պատերազմից ու Արցախի օկուպացումից հետո պատերազմի վախը դեռ երկար է պահպանվելու հայ հանրության շրջանում, բայց նաև ուշադրություն է հրավիրում Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների և մասնավորապես՝ Ռուսաստանի որոշակի ակտիվացման, աշխարհաքաղաքական բախումների, Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի երեկվա հայտարարությունների՝ ԹՐԻՓՓ-ը հիշատակելու և Իրանի դեմ շարունակվող պատերազմի վրա։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ տարածաշրջանում ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ։
«Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը երեկ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասում էր, որ, այսպես կոչված՝ «Թրամփի ուղին» ստորագրելով և Ռուսաստանին բանակցային գործընթացից ընդհանրապես դուրս թողնելով՝ դուք խախտել եք 1828 թվականին ստորագրված Թուրքմենչայի պայմանագրով ձևավորված անվտանգային հավասարակշռությունը տարածաշրջանում, և դա դեմ է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերին։ Ռուսաստանից, ըստ էության, ասում է՝ խախտում եք երկու դարից ավելի գործած անվտանգային համակարգը, և իրենք դա սպառնալիք են դիտարկում։ Իսկ ես Ձեզ վստահեցնում եմ, որ հատկապես, եթե Իրանում Միացյալ Նահանգները և Իսրայելը չլուծեն իրենց խնդիրները, իսկ ես համոզված եմ, որ չեն լուծելու, պատերազմի ավարտից հետո Իրանի վարքագիծն էլ է շատ ուրիշ լինելու մեր տարածաշրջանում, Ռուսաստանի վարքագիծն էլ է շատ ուրիշ լինելու մեր տարածաշրջանում, և խաղաղության հոտ այստեղ նույնիսկ չի էլ գալիս, ճիշտ հակառակը՝ ահռելի մեծ կոնֆլիկտի հոտ է գալիս, որը փորձելու են երկու ամիս էլ ինչ-որ կերպ քողարկել՝ մինչև Նիկոլը փորձի ընտրվել, և վերջ, բայց իրականում մեծ պատերազմ է հասունանում, և այդ պատերազմի մասին Ռուսաստանն արդեն ամենաբարձր մակարդակով է խոսում»,- մեկնաբանում է քաղաքագետը։
Ռուսաստանի՝ ամենաբարձր մակարդակով արվող թափանցիկ ակնարկների ու հայտարարությունների մասին խոսելիս՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատի ունի, իհարկե, նախորդ օրը՝ ապրիլի 1-ին, Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումը և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունները տեսախցիկների առջև։
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ նույնիսկ Պուտինն էր այդ մասին ասում, որ տարածաշրջանի անվտանգության հարցերը կապված են Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ։
Մելիք-Շահնազարյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Արցախի անունը ոչ մի տեղ չհիշատակվի, բայց գնում-հասնում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահն է փաստացի բարձրացնում Ղարաբաղի հարցը։ Թե ով էր ավելի մեղավոր Ղարաբաղի համար և ուներ արդյոք իր մեղքի բաժինը նույն Ռուսաստանը՝ դա, իհարկե, հարցի մյուս կողմն է։
«Փաշինյանը փորձեց ասել, որ դուք եք Ղարաբաղը հանձնել, հիմա մեր մոտ խաղաղություն է, և այլն, բայց տեսեք, թե ինչ ուղերձ է անում Պուտինը՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով կապված է տարածաշրջանի անվտանգությունը։

Նշանակում է, որ Ղարաբաղի հարցն ակտուալ է Ռուսաստանի համար, ի դեպ՝ ակտուալ է նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և շատ այլ երկրների համար։ Կարևոր մի բան կա, որ հիմա բոլորս պետք է հասկանանք։ Նիկոլն ասում է՝ «ես չլինեմ՝ պատերազմ է լինելու», Ռուսաստանն ասում է՝ «եթե Նիկոլը եղավ, պատերազմ է լինելու», ասում է՝ «դուք խախտել եք ռեգիոնի անվտանգային համակարգը, դա պետք է շտկվի», և հիմա մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ Նիկոլ չեղավ՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ։
Պարզ է, որ պատերազմի մեջ շահագրգիռ են Ադրբեջանը և Թուրքիան, որովհետև քանի կա Նիկոլը՝ իրենք ինչ ուզում են՝ ստանում են առանց պատերազմի։ Չլինի Նիկոլը՝ հնարավոր է, որ փորձեն դա ստանալ պատերազմի միջոցով։
Ի՞նչը այստեղ կարող են հակակշռել Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակին կամ ձգտումներին՝ բնականաբար, Ռուսաստանի և Իրանի պատասխան գործողությունները։ Ի՞նչ է նշանակում «անվտանգության համակարգի վերականգնում» Ռուսաստանի և Իրանի ընկալման մեջ։
Իմ խորին համոզմամբ՝ մեկ բան՝ Արևմուտքի ազդեցության թուլացում և թուրքական գործոնի թուլացում Հարավային Կովկասում։ Նիկոլի ասած «խաղաղության» պարագայում ճիշտ հակառակն է՝ թուրք-ադրբեջանական ազդեցության առավելագույն մեծացում, և ինչ որ ուզեն՝ բավարարեն, որ այդ պատերազմը չլինի»,- վերլուծում է Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի այս վերլուծությունը հանգում է այն կենտրոնական հարցին, թե ի՞նչ ընտրություն կանի հայ ժողովուրդն այս իրավիճակում՝ կընտրի Ռուսաստանի ասած «ուժերի հավասարակշռության վերականգո՞ւմը», որն ըստ մեր զրուցակցի՝ նշանակում է՝ հայաբնակ Արցախ և թուրքական գործոնի թուլացում Հարավային Կովկասում, թե՞ կընտրի Փաշինյանի ասած «խաղաղությունը», որը նշանակում է՝ ենթարկվել ու սպասարկել թուրք-ադրբեջանական շահը մեր տարածաշրջանում։ Վատ լուրն այն է, որ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ երկուսն էլ «պատերազմի ուղի են»։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարի կանխատեսումներով՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում և Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանն ու Իրանը փորձելու են նվազեցնել ԹՐԻՓՓ-ի և Թուրքիայի ազդեցությունը և դա անելու են հակամարտության միջոցով, իսկ եթե Հայաստանում հաղթեց ընդդիմությունը, Հայաստանն այդ հակամարտության մեջ լինելու է Ռուսաստանի և Իրանի հետ նույն դաշինքում՝ ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։