Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան

Նախադպրոցական կրթության հասանելիությունը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է։ Սահմանված է, որ մինչև 2030 թ․ դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Այս թիրախի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Նա, մասնավորապես անդրադարձել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում վերջերս իրականացված փոփոխություններին և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նոր մանկապարտեզների և նախակրթարանների կառուցմանը՝ շեշտելով, որ կատարված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթության մեջ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունն աճել է։

Թամարա Սարգսյանի խոսքով՝ 2021 թվականի դրությամբ 3-5 տարեկան երեխաների միայն 64.3%-ն էր ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, ընդ որում՝ Հայաստանում կար 229 բնակավայր, որտեղ ընդհանրապես նախադպրոցական կրթությունը հասանելի չէր, այսինքն՝ որևէ տեսակի հաստատություն չէր գործում։ Այս ուղղությամբ իրականացվել են ինչպես իրավական ծավալուն փոփոխություններ, այնպես էլ հաստատությունների կառուցման և նորոգման մեծածավալ աշխատանքներ։ Արդյունքում՝ 2025 թվականի ավարտին 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական համակարգում հասել է 81%-ի. նպատակն է՝ մինչև 2030 թվականը հասնել 95% ցուցանիշի։

Leave a Comment