Դատախազությունը հայտնել է Սևանի տարածքում 16 շինության, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան հատվածների ապամոնտաժման մասին։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ 16 շինություն ապամոնտաժվել է 2026 թվականի մարտին՝ դատախազության միջնորդագրերի հիման վրա; Նշվում է, որ շինությունները բացարձակ նիշից ցածր 11 հողամասում էին։
Ապամոնտաժվել են, մասնավորապես, Օհանյանի առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն պատկանող առանձնատունը։ Նշվում է, որ Օհանյանի առանձնատան մասով դատախազությունը հայց է ներկայացրել դատարան։
Դատախազությունը հիշեցրել է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերին և շարունակվում է 2026 թվականին։ Այդ ժամանակահատվածում ապամոնտաժվել է ընդհանուր առմամբ 86 շենք-շինություն՝ 34 հողամասերում։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025-ի դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ «Սևան» ազգային պարկի բազմաթիվ ապօրինի շինություններ պետք է քանդվեն։
Կարդացեք նաև՝
Ապամոնտաժվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից շինությունները, կարող է քանդվել նաև «Հարսնաքարը»
