ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատավորի նշանակման ԲԴԽ առաջարկը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատավորի նշանակման ԲԴԽ առաջարկը

3 ապրիլի 2026 – 17:10 AMT

PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը՝ դատավոր նշանակելու վերաբերյալ։ Դատարանը հրապարակել է համապատասխան որոշումը՝ ներկայացնելով գործընթացի մանրամասները։

2023 թվականի հոկտեմբերի 10-ին ԲԴԽ-ն կազմել և հաստատել է դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններով, ինչպես նաև հակակոռուպցիոն ուղղությամբ։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Վազգեն Տիգրանի Սահակյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, նախկին նախագահ Տիգրան Սահակյանի որդին, հայտնում է Factor.am-ը:

ԲԴԽ-ն 2026 թվականի մարտի 12-ի որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկել է Վազգեն Սահակյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացման դատավոր նշանակելու համար։ Որոշումն ընդունվել է դռնփակ նիստում և նույն օրը ներկայացվել նախագահին՝ կից ուղարկելով նաև թեկնածուի անձնական գործը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։

Մարտի 16-ին Հանրապետության նախագահը առարկություններով վերադարձրել է այդ առաջարկությունը՝ նշելով, որ հանձնաժողովի եզրակացությունում առկա են թեկնածուի գույքային տվյալների արժանահավատության վերաբերյալ հարցադրումներ, որոնց շուրջ ԲԴԽ-ի հստակ դիրքորոշումը բացակայում է։ Նախագահը ընդգծել է, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այդ եզրակացությունը և նորից քննարկել թեկնածության ներկայացման նպատակահարմարությունը։

Այնուհետև, մարտի 20-ին ԲԴԽ նախագահի գրությամբ նույն առաջարկը կրկին ներկայացվել է նախագահի քննարկմանը։ Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ և դիտարկվում է այլ գնահատականների հետ համակցված։

Սակայն նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան, և քննության արդյունքում ՍԴ-ն եզրակացրել է, որ ներկայացված առաջարկը հակասում է Սահմանադրությանը։ Դատարանը նշել է, որ նման առաջարկը պետք է լինի պատշաճ կերպով հիմնավորված և պատճառաբանված՝ ապահովելու համար գործընթացի թափանցիկությունն ու հանրային վստահությունը։

«Դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմամբ ներկայացվող առաջարկությունը պետք է պարունակի ոչ միայն իրավական և փաստական հիմքեր, այլև որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքների հետ համակցության մեջ վերոնշյալ եզրակացությանը նվազ նշանակություն տալու, դրանով իսկ՝ այդ եզրակացությամբ վերհանված փաստերը հաղթահարելու վերաբերյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, իսկ ներկայացված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից առարկությամբ վերադարձնելու պայմաններում այդ առարկությունը պետք է հաղթահարվի դրա փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի փաստարկված դիրքորոշումների համադրված վերլուծություն բովանդակող համապատասխան որոշմամբ: Պատճառաբանված որոշումն ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ անաչառ դիտորդին պետք է հնարավորություն ընձեռի՝ վստահելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության լեգիտիմությանը՝ հիմք ընդունելով սահմանադրահեն այն գաղափարը, որ դատավորի նշանակման գործընթացում իրավասու մարմինների միջև առաջ եկած հարցերը չստվերեն դատավորի անբիծ հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը՝ դրանով իսկ հանգեցնելով տվյալ դատավորի և, ըստ այդմ՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազեցմանը: Հանրության շրջանում պետք է համոզմունք ձևավորվի, որ դատավորի թեկնածուն արժանի է դատավորի բարձր կարգավիճակին և համապատասխան առաքելությունը ստանձնելուն. հակառակ մոտեցման պայմաններում կստվերվի արդարադատության լեգիտիմությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ։

Leave a Comment