3 ապրիլի 2026 – 16:15 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը։
Թարմության ցուցանիշով խնդիրներ չեն գրանցվել:
Իրացման ցանցում կատարված հսկիչ գնումների արդյունքում տարբեր արտադրողների արտադրանքներից վերցված նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության՝ թարմության և կարգի համապատասխանությունը գնահատելու նպատակով։ Փորձաքննության են ենթարկվել «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների համապատասխան խմբաքանակները։
Արձանագրվել է, որ բոլոր նմուշները թարմության ցուցանիշով համապատասխանել են ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին։
Միևնույն ժամանակ հայտնաբերվել են «թարմ սեղանի ձու» ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ։ Մասնավորապես, մակնշման խախտումներ արձանագրվել են «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 27․03, 28․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքատեսակների դեպքում։
Կարգի խախտումներ ունեցող խմբաքանակների նկատմամբ կիրառվել են կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումը ժամանակավորապես դադարեցնելու և մակնշումը օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։