«Օրիոնը» դուրս է եկել Երկրի ուղեծրից և շարժվում է դեպի Լուսին

«Օրիոնը» դուրս է եկել Երկրի ուղեծրից և շարժվում է դեպի Լուսին

3 ապրիլի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net«Օրիոն» տիեզերանավը որը չորս տիեզերագնացներով Լուսին է ուղևորվում «Արտեմիս-2» (Artemis II) առաքելության շրջանակում, դուրս է եկել Երկրի ուղեծրից և շարժվում է դեպի նրա բնական արբանյակը։

Ապրիլի 2-ին, ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով մոտավորապես 19:49-ին (Գրինվիչի ժամանակով 23:49, միջին եվրոպական ժամանակով 00:49), տիեզերանավի շարժիչները ստացել են այսպես կոչված տրանսլուսնային ներարկման իմպուլս, ինչը «Օրիոնին» հաղորդել է բավարար արագացում՝ երկրային ուղեծրից դուրս գալու համար, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես հաղորդել է NASA-ն, նախնական տվյալների համաձայն՝ այս փուլն անցել է այնպես, ինչպես նախատեսվել է։ Այդպիսով, առաքելության մեկնարկի և դեպի Լուսին շարժման փուլի սկզբի միջև անցել է ընդամենը 25 ժամից մի փոքր ավելի։

«Օրիոն» տիեզերանավը «Արտեմիս-2» լուսնային առաքելության շրջանակում արձակվել է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 18:35-ին, Ֆլորիդայի Քեյփ Կանավերալից։ Նրա անձնակազմը 10 օրվա ընթացքում պետք է իրականացնի Լուսնի շուրջ թռիչք և առանց լուսնային մակերևույթին վայրէջք կատարելու վերադառնա է Երկիր։ Երկրի արբանյակը նրանից գտնվում է գրեթե 400,000 կիլոմետր հեռավորության վրա։

Լուսին նախորդ թռիչքը տեղի է ունեցել ավելի քան 50 տարի առաջ՝ 1972 թվականի դեկտեմբերի 7-ին, «Ապոլոն-17» տիեզերանավով։

«Օրիոնի» այս արձակումը դարձել է ամերիկյան նոր լուսնային ծրագրի պատմության երկրորդ փուլը։ 2022 թվականի դեկտեմբերին ավարտվել է ծրագրի առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը. այդ ժամանակ «Օրիոնը» փորձնական անօդաչու ռեժիմով թռել է դեպի Լուսին, մի քանի շաբաթ մնացել է նրա ուղեծրում և վերադարձել է Երկիր։ Ծրագրի երրորդ փուլի՝ «Արտեմիս-3»-ի շրջանակում մարդիկ պետք է վայրէջք կատարեն Լուսնի վրա։

«Օրիոնի» ներկայիս անձնակազմում ընդգրկված են Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Քոխը և Վիկտոր Գլովերը։ Գլովերը դարձել է առաջին աֆրոամերիկացին, իսկ Քոխը՝ առաջին կին տիեզերագնացը, որոնք մասնակցում են լուսնային առաքելության։

NASA-ն «Արտեմիս» ծրագրի ստեղծման մասին հայտարարել է 2019 թվականին։ Դրա նպատակը եղել է ԱՄՆ-ի վերադարձը Լուսին, ինչը նախատեսել է կանոնավոր անձնակազմով առաքելություններ և դեպի Մարս թռիչքների համար տարանցիկ բազայի ստեղծում։

Leave a Comment