Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական զինված ուժերը հարձակվել են իսրայելական ավիաբազայի և, ինչպես պնդում են, Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմանավակների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ծովային գործողությունների առաջին փուլում բալիստիկ հրթիռների օգնությամբ ոչնչացվել է ամերիկյան դեսանտային նավակների տեղակայման վայրը Շուվեյխ նավահանգստում, նշված է ԻՀՊԿ-ի հայտարարությունում, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Կորպուսը նաև տեղեկացրել է, որ ոչնչացվել է Բահրեյնում տեղակայված վաղ նախազգուշացման ԱՐ-327 ռադիոլոկացիոն համակարգը։
Բացի այդ, իրանական զինված ուժերը հաղորդել են «Ռամատ Դավիդ» ավիաբազայի վրա հարվածների մասին, որտեղ տեղակայված են Իսրայելի F-16 կործանիչները։ Բացի այդ, թիրախավորվել են նաև Իսրայելում 50-ից ավելի օբյեկտներ, այդ թվում՝ Թել Ավիվում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
