3 ապրիլի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – Հակահայկական պրոյեկտները երբևիցե Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն չեն ունեցել, հայտարարել է «Նժար» կուսակցության հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Գլխավոր դատախազության դիմաց անցկացված ակցիայի ժամանակ:
«Ակնհայտ է, որ Հ1-ը երբևիցե չի ծառայել իր նպատակներին, բոլոր ժամանակներում էլ օգտագործվել է ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց երբևիցե հակահայկական պրոյեկտները Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չեն ունեցել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Հանրային հեռուստատեսության եթերում նախկինում չեն խախտվել հիմնարար իրավունքները՝ այդ թվում խղճի ազատությունը և կրոնական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը, սակայն այժմ խնդիրներն ակնհայտ են դարձել։
Կարապետյանցը ընդգծել է, որ առկա են բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ բերելով ընդդիմադիրների համար հանրային եթերում խոսքի սահմանափակման դեպքերը։
«Բազմաթիվ դեպքեր կան որ Հ1–ը չի ելնում պետության կողմից սահմանած օրենքներից և այն անում է անպատիժ՝ ընտրություններից առաջ։ Ակնհայտ է, որ որևէ ընդդիմադիր ուժ այդ համակարգի մեջ լսելի, տեսանելի լինելու հնարավորություն չի ունենալու»,-հայտնեl է իրավապաշտպանը:
Նա նշել է, որ Հանրային հեռուստատեսության եթեր են հրավիրվում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներին, որոնք նրա հակապետական թեզերի տարածողներն են և հետագայում հայտնվում են ՔՊ-ի ընտրական ցուցակներում, «անկողմնակալ փորձագետների ցուցակում» ընդգրկվածի կարգավիճակով։
Նա հավելել է, որ չեն սահմանափակվելու միայն գլխավոր դատախազություն դիմումով, քանի որ համոզված են՝ առկա են օրենքի խախտումներ, և նաև չեն ակնկալում, որ իշխանությունները կամ գլխավոր դատախազը արձագանքեն։
«Բայց իրավական պրոցեսներ սկսելը շատ կարևոր է, որովհետև մենք իրավական պետություն ենք: Չի կարելի թույլ տալ, որ երկիրը լինի մի խմբակի տրամադրության տակ»,-ասել է նա:
Իրավապաշտպանը նաև նշել է, որ խախտվել են Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հետևորդների իրավունքները։
«Անկախ դիտորդի» ուսումնասիրությամբ՝ Հանրային հեռուստատեսության Առաջինի լրատվականի YouTube հարթակում 2026թ. մարտի 9-29-ը հրապարակված նյութերի զգալի մասը կրել է քարոզչական կամ ենթատեքստային քարոզչական բնույթ՝ հիմնականում առնչվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը եղել է առավելապես բացասական։