Դպրոցի տնօրենին ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար

Դպրոցի տնօրենին ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար

3 ապրիլի 2026 – 12:56 AMT

PanARMENIAN.Net – Արմավիրի մարզպետի որոշմամբ Կարինե Սմբատյանն ազատվել է Սարդարապատի դպրոցի տնօրենի պաշտոնից՝ «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար, հայտնել է տնօրենը ֆեյսբուքյան իր էջում:

«Այսքան ջանքից ու նվիրումից հետո ինձ աշխատանքից ազատելու հիմքերը՝ «վստահության կորուստ» ձևակերպմամբ, ես համարում եմ անհիմն և կամայական։ Դա վիրավորական է ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ կոլեկտիվի տարիների վաստակի համար, որը մենք ներդրել ենք՝ անգամ շենքային ծանր պայմաններում»,-նշել է նա։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ «պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ»:

«Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները:

․․․Պարոն մարզպետ. Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը,բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից»,-նշել է նա:

Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ միացել է «Ուժեղ Հայաստան» թիմին, որովհետև տեսնում է, որ այսօր »մեր երկրին օդ ու ջրի պես պետք է պայքար՝ հանուն արժեքների, հանուն մեր երեխաների ապագայի»։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է․ «Ես շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։

Leave a Comment