Կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29–ին վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակում կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է։ Հիմա «Աբովյան» ՔԿՀ-ում է», – գրել է Մարտիրոսյանը։
Մի փոքր անց Մարտիրոսյանն ավելացրել է, որ Դավիթին ՔԿՑ–ից տեղափոխում են «Աբովյան» ԲԿ։
Ինչպես «Փաստինֆո»–ին հայտնել է Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը, Մինասյանը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել՝ նրա լավագույն շահից ելնելով։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը», – ասել է Նավիկյանը։
Նշենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագից հետո, երբ վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ քայլում էր դեպի ելքը, ներկաներից մեկը մոտեցել է նրան և ասելով՝ «Ըտենց չնայես ինձ», ձեռքի կտրուկ շարժում է արել վարչապետի ուղղությամբ։ Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ 3 անձ ձերբակալվել էր։ Այս գործով Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը ազատ է արձակվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: