Վաղարշապատի ավագանու ընտրություններին կաշառք բաժանելու դեպքերով 62 մեղադրյալ կա. ՀԿ

Վաղարշապատի ավագանու ընտրության ժամանակ կաշառք բաժանելու դեպքերի համար քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Ըստ կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Վաղարշապատում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ, նշված է հաղորդագրության մեջ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:

Խմբի անդամները կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ։

Կոմիտեի տվյալներով՝ խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։

Քրեական վարույթով ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններում առավելագույն ձայներն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել։ Ընտրակաշառքի վարույթով 10 անձ էր ձերբակալվել:

Leave a Comment