
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին սպառնացել է հարվածել և ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը «դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն ամենն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդիվ կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները»,- սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:
Նա հավելել է՝ Իրանի ղեկավարությունը «գիտի՝ ինչ պետք է արվի, և դա պետք է շատ արագ արվի»։
Ապրիլի 1-ի ուղերձում Թրամփը նշել է, որ պատերազմը կարող է սրվել, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին, հնարավոր են հարվածենր՝ Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին:
«Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում ԱՄՆ բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք: Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է», – ասել է Թրամփը:
ԱՄՆ-Իսրայրել համատեղ հարձակումն Իրանի դեմ սկիզբ է առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան հարվածում է Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Ծոցի երկրներին։
Պատերազմը նաև նավթի գների աճի և շուկայական ցնցումների պատճառ է դարձել։ Թրամփի փոփոխական հայտարարությունները չեն փարատել 2003-ին Իրաք ամերիկյան ներխուժումից ի վեր ԱՄՆ-ի ամենալայնածավալ ռազմական գործողության շուրջ մտահոգությունները։