Բիովառելիք փայտի թափոնների վերամշակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Շրջակա միջավայրի խնդիրների խորացման և ավելի մատչելի էներգիայի աղբյուրների որոնման պատճառով աշխարհում արագ զարգանում է փայտի թափոնների վերամշակումը կենսավառելիքի։ Այն օգտագործվում է թե՛ տեղական էներգիայի արտադրության, թե՛ արտահանման համար և համարվում է տնտեսության ու բնապահպանության համար հեռանկարային ոլորտ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Պինդ կենսավառելիքը հիմնականում ստացվում է փայտամշակման թափոններից՝ տաշեղից, թեփից, փայտի փոշուց, ինչպես նաև ծառայության ժամկետն ավարտած կահույքից, դռներից ու պատուհաններից։ Երբեմն կիրառվում են նաև բուսական մնացորդներ՝ օրինակ ծղոտ կամ հնդկացորենի կեղև։

Ամենատարածված տեսակներն են՝

  • Տաշեղներ` օգտագործվում են որպես վառելիք կամ այլ կենսավառելիքի հումք
  • Պելլետներ (վառելիքի հատիկներ)` սեղմված մանրացված թափոններ, լայն կիրառություն ունեն կաթսաներում ջերմային և էլեկտրական էներգիա ստանալու համար
  • Բրիկետներ` ավելի խոշոր սեղմված վառելիք՝ տարբեր ձևերով
  • Վառելափայտ` ստացվում է ցածրորակ փայտից կամ հատուկ աճեցված արագաճ ծառերից

Օգտագործման ազդեցությունը

Կենսավառելիքի կիրառումը թույլ է տալիս՝

  • նվազեցնել ներմուծվող էներգակիրներից կախվածությունը և ծախսերը
  • կրճատել փայտի թափոնների կուտակումը
  • նվազեցնել մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը
  • ստեղծել նոր աշխատատեղեր փայտամշակման ոլորտում

Արդյունքում կենսավառելիքը միաժամանակ լուծում է ինչպես էներգետիկ, այնպես էլ բնապահպանական խնդիրներ:

Leave a Comment