Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։

«Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում նա նշել է, որ այս քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, լիարժեք չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալներն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ։

«Օրինակ՝ ծաղիկների մատակարարումները երեք տարվա ընթացքում աճել են 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Նման աճ նկատվում է նաև այլ ապրանքների դեպքում», – նշել է Դանկվերտը։

Նա հավելել է, որ այս հանգամանքների պատճառով բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխվել է սահմանին մոտ։

Դանկվերտի խոսքով՝ հայկական ապրանքների մեջ արձանագրվել է ավելի քան 900 կարանտինային օբյեկտի հայտնաբերում, ինչը պահանջում է լրացուցիչ ախտահանման միջոցառումներ։

Անդրադառնալով կենդանական ծագման արտադրանքին՝ պաշտոնյան նշել է, որ որոշ դեպքերում ապրանքների ծագումը կարող է չհամապատասխանել հայտարարվածին։

«Որպես օրինակ կարող ենք նշել կարագը, պանիրը և իշխան ձուկը։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը չի կարող նման լինել նորվեգականին», – ասել է նա։

Leave a Comment