ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն՝ Թուրքիայում ստեղծվում է տարածաշրջանային հրամանատարություն՝ անհրաժեշտության դեպքում տեղակայվելիք ուժերի համակարգման և կառավարման համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Գերատեսչությունից հայտնել են, որ հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերը նախատեսում են թուրքական կորպուսի (MNC-TR) տարածաշրջանային շտաբի ստեղծում, որը ՆԱՏՕ-ի ուժերի հետ համակարգելու է երկրի պաշտպանությունը, ինչպես նաև իրականացնելու է անհրաժեշտության դեպքում տեղակայվելիք ուժերի հրամանատարությունն ու կառավարումը:
«Ազգային իշխանությունները նպատակահարմար են գտել այս շտաբը վերածել բազմազգ կառույցի: Շտաբի ստեղծման աշխատանքները շարունակվում են, կատարվել են միայն հիմնական անձնակազմի նշանակումները, և բազմազգ շտաբի կարգավիճակը դեռևս հաստատված չէ», – նշել են գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ «2024 թվականից նախատեսված էր ծովային գործողությունների գոտիներում ծրագրերի իրականացման համար ստեղծել հինգ միացյալ օպերատիվ խմբեր՝ Ատլանտյան, Հյուսիսային, Բալթյան, Միջերկրածովյան և Սևծովյան»:
«Սև ծովում օպերատիվ խմբի (CTF Black) հրամանատարությունն ու շտաբի տեղակայումը մինչև 2028 թվականն իրականացվում է մեր երկրի կողմից: 2028 թվականից հետո շտաբը ղեկավարող երկիրը կորոշվի սևծովյան ափի ՆԱՏՕ-ական երկրներ Ռումինիայի և Բուլղարիայի առաջարկությունների հիման վրա», – հայտնել են նախարարությունում:
