«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է տարբեր մեծության էներգաբլոկներ կառուցել

Ռուսաստանը բազմիցս առաջարկել է տարբեր մեծության էներգաբլոկների կառուցել Հայաստանում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Լիխաչովը տեղեկացրել է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը արդիականացումից հետո երկարաձգվելու է մինչև 2036 թվականը, որը մասամբ իրականացնելու է «Ռոսատոմը»: Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ դա որոշակի «սահմանագիծ» է, որից հետո հայկական կայանը շահագործելն այլևս հնարավոր չի լինի մի շարք պատճառներով:

«Իհարկե, դժվար չէ հաշվել, որ մնում է ընդամենը 10 տարի, որպեսզի ոչ միայն որոշում կայացվի, այլև իրականացվեն Հայաստանում նոր բազային գեներացիայի կառուցման ծրագրերը: Մենք բազմիցս համապատասխան առաջարկներ ենք արել Հայաստանի կառավարության ինչպես մեծ հզորության, այնպես էլ միջին և փոքր հզորության էներգաբլոկների վերաբերյալ: Այս լուծումներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու մարտահրավերները, սակայն վերջին խոսքը միշտ պատվիրատուինն է», – նշել է Լիխաչովը:

Նրա խոսքով՝ հենց Հայաստանի կառավարությունն է որոշելու երկրի էներգահամակարգի կոնֆիգուրացիան և զարգացման բոլոր հեռանկարները:

«Իմ պատկերացմամբ՝ առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ երկիրն այս ոլորտում ունի տասնամյակների փորձ», – նշել է «Ռոսատոմի» ղեկավարը՝ հավելելով, որ 70-ականների վերջից Հայաստանը խաղաղ ատոմային տեխնոլոգիաների կրող է, և այդ առավելությունը չի կարելի կորցնել:

«Հնարավոր է, որ այսօր քննարկվի, թե կոնկրետ ինչ մոտեցումներ ունի Հայաստանի կառավարությունն այս խնդրի լուծման համար: Ես ոչ միայն կարծում եմ, այլև լիովին վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից կարվեն առավել հարմար առաջարկներ, քանի որ մեզ կապում են երկար տասնամյակների կառուցողական համատեղ աշխատանքը», – շարունակել է նա:

«Ուստի, իհարկե, Հայաստանի էներգետիկ անկախությունն անհնար է առանց ատոմային էներգետիկայի, և, իմ կարծիքով, հենց ռուսական լուծումները պետք է պահանջարկ ունենան մոտ ապագայում», – եզրափակել է Լիխաչովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները։ 

Վարչապետը տեղեկացրել էր, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը, ինչը հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի անցմանը:

Leave a Comment