Ի՞նչ կնստի մեզ վրա Փաշինյանի Մոսկվա այցը․ «Կարճ ասած»

 

Տարբեր բնութագրումներ կարող են լինել Փաշինյանի՝ մի քանի ժամով Մոսկվա այցին։ ՔՊ-ական-նիկոլականները կասեն՝ տեսա՞ք ինչ կար՝ ռիսկով ասաց, հականիկոլականները կքննադատեն անպատասխանատու պահվածքը, ռուսամետները իրենցը կասեն, քաղաքագետները, փորձագետները կվերլուծեն, թե ինչքան խորը խնդիրներ են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում։ Ժողովուրդ ջան, այդ այցը ի՞նչ տվեց մեր երկրին ու ժողովրդին։ Սա՛ փորձենք հասկանալ։

Ասեմ, որ աննախադեպ այց էր։ Չեմ կարողանում մտաբերել երկրորդ նման դեպքը, երբ Հայաստանի ղեկավարը նման ընդունելության արժանանա Մոսկվայում։ Ընդ որում՝ խոսքը Հայաստանի Երրորդ Հանրապետության մասին չէ, այլ՝ դրանից առաջ ևս։

Խոսքը ակցիաների մասին չէ։ Նախկինում էլ եղել է դեպք, որ այդքան վատ դիմավորի հայ ժողովուրդը։ Ակցիա էր դեսպանատան մոտ․ հյուրանոցում, որտեղ գնացել էր, դավաճան էին անվանում, պահանջում հեռու մնալ եկեղեցուց, քաղբանտարկյալներին ազատ արձակել և այլն։ Անգամ Փաշինյանի նկարը վառեցին։ Մեզ մոտ ընդունված է սովորաբար վառել թշնամի պետության դրոշը, այն էլ՝ հատուկ օրերի։ Ակնհայտ է, որ Փաշինյանը շփոթված էր, լարված։ Ու եթե այդ ակցիաները լինեին Հայաստանում, հիմա արդեն մի քանի հոգի քրեական մեղադրանք շալակած կլինեին։

Նիկոլին ընդունելությունը աննախադեպ էր նախ ինչով․ երբ Հայաստանի ղեկավարն այցելում է ՌԴ, իշխանական, պետական մամուլում հոդվածներ են հրապարակվում երկու երկրների առևտրային-տնտեսական կապերի մասին, աջակցությունների մասին, արտաքին քաղաքական համագործակցության մասին, ռազմավարական գործընկերության, զենքի տրամադրման մասին։ Այս անգամ Նիկոլի այցին ընդառաջ հրապարակում էր Նիկոլի սկանդալների մասին, մարդկանց վրա մատ թափ տալու մասին, վատ բառապաշարի մասին, եկեղեցու նկատմամբ գրոհի մասին, քաղբանտարկյալների մասին։ Արդենհասկանալի էր, որ այս այցը փորձություն է նրա համար լինելու։ Եվ ասեմ, որ այդ փորձությունը ևս նա պատվով չտարավ, ինչպես ասում են՝ գցեց ոտքին։

Այս մարդը այն բոլոր քննադատությունները, որ այստեղ՝ հեռվից հեռու իր թիմակիցները ուղղում են Ռուսաստանին, ասաց ուղիղ։ Նստեղ ու սկսեց մեղադրանքներ տեղալ՝ հենց այն մակարդակով, ինչպես որ այստեղ իրեն պահում է լարված պահերին։ Գուցե վրան ազդեցին բողոքի ակցիաները, գուցե վրան ազդեցին ռուսական մամուլի հրապարակումները։ Բայց այն պահվածքը, որ նա ունեցավ, չի կարող մեզ վրա անդրադարձ չունենալ՝ խիստ բացասական իմաստով։

Նախ փորձեց Պուտինի գրպանը գցել Արցախի հանձնումը։ Ասում է՝ դե որ դուք ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում, մենք էլ ճանաչեցինք։ Մի աբսուրդ սա էր։ Նախ Ռուսաստանն առաջարկում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային և բոլորիս պես անակնկալի էր եկել, երբ Նիկոլը Պրահայում հանձնեց Արցախը։ Բայց այս հարցում ՌԴ-ին մեղադրելու իմաստը ո՞րն է․ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է՞ր, թե՞ Հայաստանը։ Եթե վաղը Ռուսաստանը Երևանը ճանաչի Ադրբեջան, պետք է դուք էլ ճանաչե՞ք։ Բա դուք ինքնիշխանությունից եք անընդհատ խոսում, ուրիշ պետության ճանաչումով ե՞ք շարժվում։ Ռուսաստանը Դոնբասն էլ ճանաչում է իր մաս, դե դու էլ ճանաչի։

Մյուսը Հայաստանի արտաքին վեկտորի հարցն է․ ՌԴ նախագահն ակնարկում է, որ՝ ուր ուզում ես գնա, ԵՄ ես ուզո՞ւմ, խնդրեմ, բայց հիշիր, որ չես կարող մնալ հա՛մ ԵԱՏՄ անդամ, հա՛մ ԵՄ անդամ։ բայց իմացիր, որ ԵԱՏՄ-ն քո տնտեսական զարգացման ամենակարևոր բաղադրիչներից է։ Նաև իմացիր, որ քեզ գազ եմ վաճառում 177 դոլարով, Եվրոպային՝ 600։ Սա կոնկրետ ակնարկ էր։ Ընդհանրապես, Ռուսաստանից տնտեսապես շատ կախված է Հայաստանը, սկսած նրանից, որ ցորենի 99 տոկոսը ՌԴ-ից է ներմուծում, գյուղատնտեսական ապրանքները էնտեղ է արտահանում, տրանսֆերտները էնտեղից են գալիս։

Հանդիպման մեջ շատ խնդիրներ կան, որոնց հատ-հատ չանդրադառնամ։ Կուզենայի իմանալ՝ այդ հանդիպման արդյունքներով Հայաստանին ինչ է սպասելու, ինչ-որ բան կառուցե՞ց, թե՞ քանդեց։ Բացի նրանից, որ հայտարարեց՝ Ռուսաստանը պետք է մեզ աջակցի, որ բալետ պարել սովորենք, է՞լ ինչ է գլխներիս գալու։

ժողովուրդ ջան, պահվածքը, որ ունեցավ Փաշինյանը, չի կարող մեզ վրա դրական ազդեցություն ունենալ։ Մեզ ասելով նկատի ունեմ մեր պետությանը, ժողովրդին ու ազգին։ Իշխանության մասին չեմ խոսում, նրանց վրա վատ անդրադարձ կունենա, բայց նրանք մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է պետությունը, ՀՀ քաղաքացին ու Հայաստանից դուրս բնակվող հայերը, որոնց թիվը Ռուսաստանում ավելի շատ է, քան Հայաստանում։ Նա Հայաստանի համար առավել կարևոր պետություն է, քան մյուսները միասին վերցրած․ գերտերություն է, աշխարհում հարց լուծող պետություն է, որը տնօրինում է աշխարհի ցամաքի ⅙-ը։ Նման պետության հետ պետք է գտնել համադրելի շահեր, ոչ թե հակադրություններ։

Գիտե՞ք, մենք անընդհատ հույս ենք ունենում, որ Ռուսաստանը Փաշինյանին առանձնացնում է հայ ժողովրդից ու նրա քայլերը չի դիտում որպես հայ ժողովրդի կարծիք, համաձայնություն։ Բայց միևնույն է՝ նրա քայլերից տուժում է ոչ թե ինքը, այլ հայ ժողովուրդը, Հայաստան պետությունը, Արցախ պետությունը։ 2018 թվականից ի վեր նրա բոլոր վատ քայլերի պատասխանը ինքը չի տվել, մենք ենք տվել, հայ ժողովուրդը, որը չի կիսում նրա կարծիքը։ Նիկոլը սխալվել է, ու դա բերել է 5 հազար զոհի, Արցախի հանձնման, Նիկոլը սխալվել է, ու դա բերել է Արցախի հայաթափման, Նիկոլը սխալվել է, ու մենք ունենք հսկայական արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներ, տնտեսական խնդիրներ, պարտքային ու այլ խնդիրներ։ Ու հիմա էլ է Նիկոլը սխալվում․ պատասխանը էլի տալու ենք մենք։

Հիմա մենք պետք է ազգովի պայքարենք ու հույս ունենանք, որ դա կորցնելու է իշխանությունը, որովհետև եթե վերընտրվեց, նրա՝ Մոսկվայում երեկվա պահվածքի պատասխանը տալու է հայ ազգը, Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող։ Հլը էս պահվածքը որ կամերաների առաջ է, բա դրանց հետևո՞ւմ ինչ է անում։ Դրա համար էլ 2 տարում տեսնում ենք 3 պատերազմ։ Այդ մարդը, վստահաբար, հաշվի չի առնում, որ ներկայացնում է պետություն, պաշտոն, որը տնօրինում է միլիոնավոր ճակատագրեր։

Կարճ ասած՝ մեր խնդիրների գլխավոր պատճառներից է այն, որ Հայաստանն այսօր, մեր կամքից անկախ ներկայացնողը 8 տարում ձեռք չբերեց պետական կառավարման փորձ ու իր սխալների, ձախողումների, բերած ողբերգությունների վրա չսովորեց։ Սա չգիտի՝ որտեղ ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, ո՛չ շփման մակարդակ ունի սովորական քաղաքացու հետ, ո՛չ լրագրողի հետ, ո՛չ պետության առաջնորդի, ո՛չ գերտերության առաջնորդի։ Հայաստանում իրեն կարելի է ամեն ինչ, պատասխան չի տալիս իր ոչ ադեկվատության համար, իսկ դրսում ոչ ադեկվատության համար պատասխան ենք տալիս մենք։

Մենք պետք է շատ ուզենանք, որ իր բոլոր արածների համար արդեն ոչ թե հատուցենք մենք, այլ ինքը, պատասխանը տվողը, ի վերջո, լինի ինքը։ Բայց բացի ուզենալը, մենք ունենք նաև հնարավորությունը դա իրականացնելու։ Հունիսի 7-ի սխալ ընտրությունն է, որ մեզ գցելու է հաջորդ աղետի մեջ։

Սևակ Հակոբյան

Leave a Comment