Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը

2 ապրիլի 2026 – 18:28 AMT

PanARMENIAN.Net – Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը: Ընդունվել են օրենքներ, որոնցով դադարեցվել է 3 համաձայնագիր, որոնք երկրի անդամակցության հիմքն է Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ)։

Համապատասխան որոշումները հրապարակվել են օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում, հայտնում է Deutsche Welle-ն:

Խոսքը վերաբերում է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և դրան կից արձանագրության չեղարկմանը, որոնք ստորագրվել են 1991 թվականի դեկտեմբերին՝ համապատասխանաբար Մինսկում և Ալմաթիում, ինչպես նաև կազմակերպության կանոնադրության չեղարկմանը, որը ընդունվել է 1993 թվականի հունվարին Մինսկում։

Այս որոշումների օգտին քվեարկել է խորհրդարանի 101 պատգամավորից 60-ը։ Չեղարկմանը աջակցել են իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցության, «Ժողովրդավարություն տանը» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև երկրի նախկին վարչապետ Իոն Կիկուն («Այլընտրանք» խմբակցությունից), նշվել է «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ։

Օրինագծերին դեմ են քվեարկել կոմունիստների (ՊԿՌՄ) և սոցիալիստների (ՊՍՌՄ) կուսակցությունների պատգամավորները։ Առաջինի ներկայացուցիչները որոշումը գնահատել են որպես «դավաճանություն» երկրի քաղաքացիների նկատմամբ։

«Սա ողբերգություն է երկրի, նրա տնտեսության համար։ Նրանք (կողմ քվեարկածները – խմբ.) նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է հաջորդելու»,-ասել է կուսակցության ղեկավար Վլադիմիր Վորոնինը:

Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը սկսել է հունվարին։ 2026 թվականի հունվարի կեսերին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ իշխանությունները մեկնարկել են ԱՊՀ-ին առնչվող երեք փաստաթղթերի չեղարկման գործընթացը, որից հետո, նրա խոսքով, երկիրը պաշտոնապես և իրավաբանորեն այլևս չի հանդիսանա կազմակերպության անդամ։

Կառավարությունը մարտի կեսերին հավանություն է տվել այս որոշմանը, իսկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ օրինագծերը ընդունվել է մարտի 20-ին։ Երկրորդ ընթերցմամբ հաստատումից հետո սպասվում է, որ իշխանությունները կծանուցեն ԱՊՀ գործադիր կոմիտեին, և 12 ամիս անց հանրապետության մասնակցությունը կազմակերպությանը կդադարեցվի։

Մոլդովայի և ԱՊՀ միջև կնքված 283 համաձայնագրերից արդեն չեղարկվել է 71-ը, ևս մոտ 60-ը գտնվում են չեղարկման փուլում։ Միաժամանակ, Քիշնևը չի նախատեսում հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք տնտեսական օգուտ են տալիս կամ գործնական նշանակություն ունեն քաղաքացիների համար, եթե դրանք չեն հակասում երկրի եվրոպական ուղղությանը։

Leave a Comment