2 ապրիլի 2026 – 17:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և կենդանական արտադրանքի նկատմամբ մի քանի տարի առաջ առաջացած պահանջները դեռևս արդիական են, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Հայաստանից մատակարարվող արտադրանքի տեսականին և ծավալները հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքներնունեն հայկական ծագում։ Մենք այս խնդրով զբաղվել ենք ինչպես 2024 թվականին, այնպես էլ 2023 թվականին», – նշել է Դանկվերտը, հայտնում է Interfax-ը:
Ըստ նրա, ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը հնարավորություն է տվել ապահովել ապրանքների թափանցիկությունն ու հետագծելիությունը:
Առաջին հերթին խոսքը վերաբերել է մատակարարումների ծավալների կտրուկ և ոչ տրամաբանական աճին, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում շուկաներ մուտք գործելու պարզեցված պայմաններով։
«Օրինակ՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումները 36 միլիոնից ավելացրել է մինչև ավելի քան 100 միլիոն հատ։ Աճ է գրանցվել նաև այլ ապրանքների դեպքում։ Մենք ստիպված ենք եղել ֆիտոսանիտարական վերահսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ: Մենք նաև նկատել ենք, որ Ռուսաստանի տարածք ուղարկվող արտադրանքի մեծ մասը չի հասնում այն վայրերը, ուր նախատեսված էր»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այս հարցերի կարգավորումը երկար ժամանակ է պահանջել, և արձանագրվել է կարանտինային օբյեկտների զգալի քանակ՝ ավելի քան 900 դեպք Հայաստանից ներմուծվող արտադրանքում, ինչը զգալիորեն բարդացրել է աշխատանքը։ Մասնավորապես, առաջացել է ախտահանման անհրաժեշտություն։ Նա նաև նշել է, որ ծաղկային արտադրանքի համար անհրաժեշտ է արտադրության վայրերի հավատարմագրում, փորձեր են իրականացվել նաև տեսահսկողության միջոցով ստուգումներ անցկացնելու ուղղությամբ։
Անդրադառնալով կենդանական արտադրանքի մատակարարումներին՝ Դանկվերտը հայտարարել է, որ այս ոլորտում ևս «մատակարարվող արտադրանքի մի մասը կարող է չունենալ հայկական ծագում»։
«Մենք արձանագրել ենք չհետագծվող արտադրանքի մատակարարումներ, ինչպիսիք են կարագը, պանիրները, իշխան ձուկը։ Հայաստանի լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին», – ընդգծել է նա։
Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը, այդ թվում՝ դրա հետագծելիության վերահսկման ուժեղացմանը։
Խնդրի լուծումը գերատեսչության ղեկավարը տեսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում անվտանգության վերահսկման թվային համակարգերի ինտեգրման մեջ։
«Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետագծել մատակարարվող արտադրանքը և արդյունավետ աշխատել», – ասել է նա՝ նշելով, որ միության շրջանակում «դա դեռևս չի ստացվում»։