Մեծ Բրիտանիայում ողբերգական դեպք է գրանցվել․ 16-ամյա դեռահասը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ChatGPT-ից հարցրել էր կյանքի վերջ տալու «ամենահաջող» տարբերակի մասին։
Հեմփշիրի Յեյթլի քաղաքից Լուկա Սելլա Ուոքերը մահացել է անցած տարվա մայիսի 4-ին։ Դատարանում ներկայացված տվյալների համաձայն՝ մահից մի քանի ժամ առաջ նա գիշերվա կեսին ChatGPT-ին հարցրել էր, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ կերպով ինքնասպան լինել երկաթուղային գծերի վրա։
Դեռահասը սովորում էր Ֆարնբորոյի Sixth Form քոլեջում և նախկինում ավարտել էր Lord Wandsworth քոլեջը։ Դատարանում նշվել է, որ դպրոցում առկա «կամ դու ես ծաղրում, կամ քեզ են ծաղրում» մշակույթը կարող էր ազդեցություն ունենալ նրա հոգեկան վիճակի վրա։
Լուկայի ծնողները հայտնել են, որ ոչինչ չեն իմացել որդու ներքին պայքարի մասին և այն անվանել են «անտեսանելի պայքար»։ Մահվանից առաջ նա ծնողներին ասել էր, թե գնում է իր աշխատանքին՝ փրկարար աշխատելու, սակայն փոխարենը մեկնել էր երկաթուղային կայարան։
Քննիչները պարզել են, որ ChatGPT-ը խոսակցության ընթացքում առաջարկել էր օգնության կազմակերպությունների հետ կապ հաստատել, սակայն դեռահասը շրջանցել էր այդ հուշումը՝ նշելով, թե հարցը «հետազոտական նպատակով» է տալիս։OpenAI ընկերությունը, որը ստեղծել է ChatGPT-ը, հայտարարել է, որ շարունակում է կատարելագործել համակարգը՝ հոգեբանական ճգնաժամի նշանները ճանաչելու և մարդկանց իրական օգնության ուղղորդելու համար։
