2 ապրիլի 2026 – 17:20 AMT
PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում՝ բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։
Պաշտպանը կարևորում է ազատությունից զրկված յուրաքանչյուրանձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։
Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ անձանց՝ նրանց իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով:
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում
Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: