Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի բազային: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Երեկ (ապրիլի 1-ին) ԻՊԲ-ի ուժերն ավարտել են Թեհրանում իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին հասցված մի շարք լայնածավալ հարվածները: Այս հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի բազային, որը ռեժիմի զինված ուժերի կենտրոնական ստորաբաժանումներից մեկն է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գրոհի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի շրջանում գտնվող բալիստիկ հրթիռների պահեստը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանը պատասխան հարվածներ է իրականացնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։