«Պատմական պահ է։ Տարիներ ի վեր «Նաիրի» կինոթատրոնում մշակութային գործունեություն չկար, այսօր մասնավորի ջանքերի միջոցով սկսում է իր գործունեությունը»,- կինոթատրոնի վերագործարկումն ազդադարող ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նա նշեց, որ Հայաստանում կինոդահլիճների պակաս կար։
«Դահլիճների միջոցով հասարակություն-հանդիսատես-կինո կապն ամրապնդվում է»,- ասաց Դանիելյանը։
«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանն ասաց, որ ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում «Նաիրի» կինոթատրոնը։ Նա տեղեկացրեց, որ կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով և արդեն ընդունում է հանդիսատես։
Լ.Թամրազյանն ասաց, որ շենքում տարածք վարձակալած կազմակերպությունները ժամանակի ընթացքում հանձնելու են իրենց տարածքները և շենքն ամբողջությամբ ծառայելու է իրենց։
«Ամեն ինչ անում ենք շենքն ամբողջովին, ինչպես նախատեսված է, ծառայի մշակույթին»,- նշեց նա։
Հավելենք, որ կինոթատրոնը գործում է ամեն օր՝ 09:30-ից մինչև 24:00։ Այժմ ցուցադրվում են «Կրկին փորձիր», «Գալիս եմ փնտրելու 2» և «Նախագիծ «Աշխարհի վերջ»» ֆիլմերը։ Տոմսերի արժեքը տատանվում է 1500-ից մինչև 4000 դրամի սահմաններում՝ կախված նստատեղի տեսակից և ցուցադրությունից։ VIP հատվածում սպասարկման համար գործում է լրացուցիչ վճար՝ 12000 դրամ։
«Նաիրին» Երևանի ամենահին կինոթատրոններից է, կառուցվել է խորհրդային շրջանում՝ 1920-50-ական թվականներին, գտնվել է Ամիրյան փողոցում, 1950-ականներին տեղափոխվել է Մաշտոցի պողոտա։ 2024 թվականին շենքը ստացավ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։