Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Որոշվել է, որ Հանրապետականն անմիջականորեն չի մասնակցի ընտրություններին։
«Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ինքը, ընտրություններին իր դեմքով և ՀՀԿ-ի անվան տակ մասնակցելով, չի կարող հաղթահարել 4 տոկոսի շեմը։ Բնականաբար, եթե հավաքի ընդամենը 1-2%, դա կլինի ձայների փոշիացում, որից կօգտվի Նիկոլ Փաշինյանը»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Գագիկ Քամալյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այլ ընդդիմադիրների համեմատ շատ ավելի հեռատես է գործում. «Երկրորդ՝ նա հասկանում է, որ եթե մասնակցի և հավաքի ընդամենը 1,5% ձայն, սա հերթական մեծ խայտառակությունը կլինի իր համար»,- նշեց նա՝ հավելելով, որ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կարող են հայտնվել տարբեր նախընտրական ցուցակներում։
«Չգիտեմ՝ ո՞ր ուղղությամբ կգնան, բայց հակված եմ կարծելու, որ ավելի շատ դեպի Սամվել Կարապետյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ «փոխհրաձգության» մեջ են գտնվում։ Ի դեպ, այստեղ մի հետաքրքիր դրվագ կա. ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներն այսպես փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս շատ ավելի մեծ պոտենցիալ ունի ձայներ հավաքելու, քան ինքը»,- շեշտեց Գագիկ Քամալյանը՝ ընդգծելով, որ Սարգսյանն այդ մեթոդով փորձում է «սևացնել» նաև Ռոբերտ Քոչարյանին՝ հանրությանը ցույց տալու համար, որ նրանց միջև ոչ մի տարբերություն չկա։
«Սա ավելի շատ փորձ է՝ գործընթացը տանելու դեպի Սամվել Կարապետյանը, որովհետև նախկին ՀՀԿ-ական ընտրակեղծարարությամբ զբաղվող «տասովչիկները» հիմնականում հավաքվել են «Մեր ձևով» կոչվող շարժման, ինչպես նաև որոշ չափով՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ»։
