Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

2 ապրիլի 2026 – 15:53 AMT

PanARMENIAN.Net – 2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսիների վարորդները։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության ապրիլի 2-ի նիստում ներկայացրել է համապատասխան փոփոխությունների նախագիծը՝ նշելով, որ նախաձեռնությունը վերաբերում է հատկապես օնլայն տաքսու վարորդներին, որոնք ինքնուրույն են հանդես եկել նման առաջարկով։

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվել է, որ արդեն ապահովագրված անձինք 2027 թվականի հունվարի 1-ից կարողանան ապահովագրական համակարգում ընդգրկել նաև իրենց հետ փոխկապակցված անձանց, հայտնում է Արմենպրեսը:

Փոփոխությունների համաձայն՝ անհատ ձեռնարկատերերի համար առողջության համընդհանուր ապահովագրավճարի ժամկետը ապրիլի 20-ից կտեղափոխվի հուլիսի 20-ը՝ լրացուցիչ ժամանակ ընձեռելով քաղաքացիներին իրականացնելու վճարումները։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

Leave a Comment