Անվտանգության աշխատակիցը կարող է հարվածել, զենք գործադրել. բա հո սրճարան չէ՞ր հրավիրելու. Փաշինյանը՝ 18-ամյա Դավթին հարվածելու մասին

«Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել».- այս մասին լրագրողների հետ զարույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

Փաստորեն բոլոր այն խնդրահարույց միջադեպերը, որտեղ Փաշինյանն ու իր թիմակիցները, անվտանգության աշխատակիցները սադրողի, հրահրողների դերում են, Փաշինյանը չի տեսնում։ Համենայնդեպս, նա այդպես է ասում, երբ հիշատակում են նման տեսագրւթյունները։ Այս միջադեպը ևս բացառություն չէ։

Փոխարենը նա շատ հանգիստ հայտարարում է, որ իր անվտանգության աշխատակիցները կարող է հարվածեն էլ, զենք էլ գործարեն, իսկ թե ինչ իրավիճակում՝ դա արդեն նրան չի հուզում. կարևորն իր անվտանգություն ապահովելն է, ոչ թե քաղաքացու։ Նրա այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ արժեք ունի 1 մարդը, քաղաքացին նրա համար։

«Պետական պահպանության աշխատողը նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե նա այդ աշխատանքը չանի, ուրեմն նրա դեմ է քրեական գործ հարուցվելու, և ինքը կարող է հայտնվել բանտում՝  ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում` բեյջ չունի, որ 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի, կամ այլ կարգի խնդիրներ ունի»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում Դավիթ Մինասյանին։

Leave a Comment