Փաշինյան. ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ գործադրել, զենք էլ կիրառել

Փաշինյան. ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ գործադրել, զենք էլ կիրառել

2 ապրիլի 2026 – 15:12 AMT

PanARMENIAN.NetՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ վտանգի դեպքում ուժ, նաև զենք կիրառի, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

«ՊՊԾ աշխատակիցը հենց նրա համար է, որ եթե կա իրավիճակ՝ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորություններն ունի։ Իրավիճակը սրվի՝ անհրաժեշտության պարագայում կարող է և զենք գործադրել։ Բա եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելու, հայտնվելու է բանտում՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Երբ ինչ-որ մեկը գործողություններ է անում, ինքը բեյջ չունի, թե 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի կամ որևիցե այլ բան, և ծառայությունը պետք է իրականացնի իր պարտականությունները․․․ Բա ի՞նչ պետք է աներ, պետք է հրավիրեր սրճարան՝ սուրճ խմելո՞ւ»,- ասել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան:

Լրագրողը հարցրել էր, թե եթե 18-ամյա երիտասարդը կալանավորվել է, ապա ինչու պատասխանատվության չի ենթարկվել նաև ՊՊԾ աշխատակիցը, որը հարվածել է նրան։

Փաշինյանը շեշտել է, որ չի հանդուրժի, եթե ՀՀ որևէ ծառայություն իր պարտականությունը չկատարի։ Ըստ նրա՝ իր գործը չէ գնահատել՝ տվյալ իրավիճակում արդյոք կա թե չկա հարձակում, պե՞տք է, թե պետք չէ կրակել և այլն։ Պետական անվտանգության ծառայության ամբողջ իմաստն ու բովանդակությունն իրադրությունը գնահատելն է և ըստ այդմ գործելը։

Նա նաև ասել է, թե չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել:

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել միջադեպ վարչապետի մասնակցությամբ։ Դրանից հետո ձերբակալվել են 18-ամյա երկվորյակներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Դատարանի որոշմամբ՝ Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ, մինչդեռ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորվել է։

Leave a Comment