«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի ու փաստաբան Արամ Օրբելյանը հանդես են եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։
Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «փոքրիկ խմբակի կողմից պարտված գործընթաց»։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ գործընթացում «իշխանությունները պարտվել են 100 տոկոսով»՝ ընդգծելով, որ իրենք ոչ միայն ներկայացրել են հիմնավորումներ և ապացույցներ, այլև դատարանը փաստել է դրանց առկայությունը։
Ղազինյանի համոզմամբ՝ թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ։
«Կարծում եմ՝ բացի շահագրգիռ մարդկանցից, ՀՀ-ում չկա մեկը, որ կկասկածի այս հարցի քաղաքական լինելու մեջ»,- ասաց նա։
«Այնպիսի խախտումներ էին վերագրում մեզ, որ շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում հանձնաժողովի անդամները։ Բերել էին ապրիլ-մայիս ամիսներին կատարած մեր ստուգողական աշխատանքները բյուջետային հիմնարկների հետ կապված։ Ներկայացրել են խախտումները, ասում ենք, բայց դա «նախկինների» ժամանակ է եղել, մեղավորներին գտել ենք, պատժել, ասում են կապ չունի, մեկա եղել է»,- նշել է Ղազինյանը։
Վերջինիս խոսքով՝ ժամանակավոր կառավարչի օրոք մոտ 1500 ուշացած միացման գործ կա, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։